Նա ինձ «հաղթել է», ու այդ հաղթանակը կրում է այսօրվա գիտակից սերունդը
2017-05-19 11:39:00
Էլինա Սարգսյան...Նա իմ դասղեկական 7-րդ ա դասարանի ավագն է: Իսկ այդ հասարակական գործունեության մեջ ընդգրկվել, նշանակում է` իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել: Ուսումնական տարվա սկզբին աշակերտական կոլեկտիվի կողմից ընտրված ավագն ամբողջ տարվա ընթացքում դասարանի կենտրոնական դեմքն է, ում ուղղվում է անմիջապես դասղեկիս հայացքը, առավելապես դասարանում տեղի ունեցած որևէ բացասական արարքի, ընդհանրապես, կարգապահական խախտման դեպքում: Նման դեպքերում երբեմն «մեղքի» ամենամեծ բաժինը հասնում է ավագին: Այս օրերին ես դասարանում չլսելու տվեցի նրա բարձրաձայն առաջարկությունը, որ իրեն ազատեմ ավագությունից, այն էլ այն դեպքում, երբ օրեր անց ավարտում ենք ուսումնական տարին:
Իմ դիտողությունը երբեմն անբաժան է նրանից... Այդ օրն էլ նախորդների շարունակությունն էր, բայց երկար չտևեց. նա ասելիք ուներ իր պարզ, անմիջական, կենսախինդ խառնվածքով, որ դասից ուշացած` դասարանի մեկ այլ աշակերտուհու հետ, զանգը հնչելուց մի քանի րոպե անց, մտավ դասարան: Վարդերի գեղեցիկ փունջն իր շառագույնը փոխանցել էր աղջիկներին, որոնցից մեկը ժպտում էր` ծաղիկները ձեռքին, մյուսն ամոթխած էր, գլխահակ: Ուսուցչուհուս նվիրած այդ երփներանգ վարդերի այտերին թառած էր «ներողություն» հայցող նրանց խոսքը, որ իր վարակիչ գեղեցկությունը փոխանցել էր ինձ:
Կարծես ամեն ինչ հարթված էր, բայց Էլինա Սարգսյանն ասելիք ուներ ինձ և պիտի այն արտահայտեր իր տնային հանձնարարության տողերում, որ շուտով հայտնվում է իմ ձեռքին. «Ամեն անգամ երբ ինձ հետ մի արտասովոր բան է կատարվում, արդեն սպասում եմ, թե ինչպես է մեկնաբանելու իմ այդ արարքն ուսուցչուհիս: Նա մեր` դպրոցականներիս մասին գրում է, կարելի է ասել, որ նրա գրածով ավելի ենք բացահայտվում մենք: Յուրաքանչյուրիս կերպարով ուսուցչուհիս կերտում է մեր խառնվածքը, բայց ես տարբերվում եմ մյուսներից նրանով, որ կյանքում ես ինքնափոխ եմ և իմ ներաշխարհում կատարվածի մասին չեմ հայտնում ոչ մեկին, այնինչ ուսոցչուհուս կողմից ես բացահայտված եմ: Ինքս փակ եմ և երբեմն կենսախնդությունս ինձ չի օգնում բացել սիրտս և անկեղծանալ, բայց առանց իմ անկեղծության և անմիջականության էլ ուսուցչուհիս ինձ հասկանում է:
Նա իմ ամեն բառի մեջ խոր իմաստ է փնտրում, կշռում է ասածս խոսքը և իմ մեջ միշտ փորձում մի նոր բան բացահայտել: Եվ այդպես բացահայտվում է իմ հոգեկան աշխարհը, ապրումները, նպատակներն ու ձգտումները, այն ամենը, ինչ խտացված է իմ ներսում` հոգուս խորքում, բայց այն կարծես մի դուռ ունի, որով կարողանում է ներթափանցել ուսուցչուհիս իր քննախույզ հայացքով: Նույնիսկ համադասարանցիներս երբեմն փորձում են իմ մեջ որոնել այն, ինչ առանց ջանք թափելու անում է ուսուցչուհիս, բայց դա նրանց չի հաջողվում, քանի որ միայն ուսուցչուհիս գիտի իմ սրտի այբուբենը և ոչ միայն իմ, այլ նաև` դասընկերներիս:
Նա կարողանում է կարդալ մեր աչքերից, կարդում է զգուշությամբ` ոչինչ բաց չթողնելով: Մեր հոգու խորքը թափանցելով` նա տեսնում է բոլորի աշխարհը, և եթե շատերը զանազանություն չեն դնում ոչ մեկի միջև, գուցե նրանց համար մենք միայն դեռահասներ ենք, ապա ուսուցչուհուս համար մենք կյանքով լեցուն աշակերտներ ենք, որ ունենք օգնության կարիք, որ յուրովի ենք և բոլորովին տարբեր: Ես արժանացել եմ նրա քննական հայացքին, միաժամանակ երջանկությամբ է լցվում սիրտս, երբ գիտեմ, որ ես էլ նրա հրատարակվելիք գրքի կերպարներից եմ, գիրք, որի հեղինակն է իմ ուսուցչուհին, ով ինձ համար դարձել է «կյանքի ուսուցիչ» »:
Այս տողերն ինձ զինաթափում են... Արտաքուստ չեմ ուզում ցույց տալ հոգուս ալեկոծությունը, բայց գիտեմ, որ նա ինձ «հաղթել է»: Եվ այդ հաղթանակը կրում է այսօրվա գիտակից սերնդի ներկայացուցիչը` իմ դասարանի ավագը, ով ամբողջ ուսումնական տարին լռությամբ «հանդուրժել է» իմ բոլոր դիտողությունները...
Նատաշա Պողոսյան

 

Այս նյութը դիտել են - 32041 անգամ