Եթե մեղադրանքը հաստատվի, «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում: Նա մեղադրվում է հուլիսի 19-ին` Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում բարձրախոսով ոստիկանության ավտոմեքենան կոտրելու կոչեր հնչեցնելու մեջ, ինչից հետո ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ոտքերով, ձեռքերով և այլ առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենային՝ պատճառելով 216.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
«Իրբրեւ կոչեր եմ հնչեցրել, որ մերոնց այնտեղ են ջարդում, մենք էլ այստեղ պետք է իրենց ջարդենք: Իբրեւ այդ կոչից հետո հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Սակայն որեւէ տեսանյութ, որեւէ փաստ չկա: Այդ ընթացքում եղել է ոստիկանական մեքենային մոտենալը եւ ինչ -որ մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին: Ես հեռու կանգնած եմ եղել եւ որեւէ առնչություն չունեմ այդ միջադեպին»,- «Ա1+»-ին ասաց Անի Զախարյանը:
Գործով անցնող 5 վկաներն էլ ոստիկաններ են, իսկ ոստիկանությունը ճանաչվել է տուժող:
«Ըստ էության՝ գործով անցնող բոլոր վկաները կախվածության մեջ են գտնվում գործի ելքով շահագրգռված կողմից»,- ավելացրեց պաշտպան Զորայր Հարությունյանը:
Իր նկատմամբ մեղադրանք առաջադրելը Անի Զախարյանը կապում է իր քաղաքական գործունեության հետ. «Եթե լուրջ քաղաքական գործընթացների գնայի, հաստատ մոբիլիզացիա տեղի կունենար, եւ լուրջ քաղաքական գործընթացների հիմք կարող էր հանդիսանալ: Ես բավականին երկար ժամանակ Վովա Գասպարյանի պաշտոնանկությունն եմ պահանջում՝ հակաիրավական, մասսայական երեւույթների հետ կապված»,- ավելացրեց նա:
Գործով դատաքննությունն այսօր ավարտվեց: Հունիսի 2-ին մեղադրողը հանդես կգա ճառով:
Այս նյութը դիտել են - 5395 անգամ