Հայ Հեղափոխական Դաշնակցության կոալիցիա մտնելու հարցը լուծված է...
2016-01-19 13:01:00
Բա ասում էիք՝ կո՛ւյս եք

Հայ Հեղափոխական Դաշնակցության կոալիցիա մտնելու հարցը լուծված է: Նրանք կդառնան իշխանության մի մասը: Այսինքն՝ իրականացավ այն, ինչի մասին տևական ժամանակ գրում ու խոսում էին, և ինչը ՀՅԴ-ն հերքելով հերքում էր. «Չէ, նման բան չկա, այդ ինչե՞ր եք ասում»:

 Նման բան կա: Եվ սա հաստատում է նաև ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որն «Ազատության» հետ հարցազրույցում նշել է, որ եղել է կոալիցիայի առաջարկություն, որը ՀՅԴ-ն սկզբունքորեն ընդունել է, և այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակցություններ են ունեցել հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

Խոստովանության համար մի փոքր ուշ էր, բայց ասվածն ընդունենք ի գիտություն: Եվ քանի որ արդեն գործ ունենք կատարված փաստի հետ, ավելորդ չէ մի բան էլ վերհիշել:

Նույն այս Հրանտ Մարգարյանն ընդամենը մի քանի ամիս առաջ՝ նախորդ տարվա սեպտեմբերին, այնպիսի՜ պաթոսով, որին միայն դաշնակներն են ունակ, արտասանում էր հետևյալ խոսքերը. «Արդեն 7 տարի է՝ կոալիցիայի մեջ չենք, ու 7 տարի է ՝ մեր մասին ասում են՝ կեղծ ընդդիմություն են, այսինչ շրջանում կմտնեն կոալիցիա: Կարող է դաշնակցականների մեջ լինեն մարդիկ, որ դա ուզեն, բայց բոլորն էլ գիտակցում են, որ որոշումը կայացվում է ժողովներում: 7 տարի ասում էին՝ եթե դուք չեք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ցանկանում եք կոալիցիա մտնել, 7 տարի չմտանք, այդ մարդիկ սուտ ասացին, չէ՞, բայց որևէ տեղ պատասխան տալի՞ս են: 7 կետից 3-ը այս Սահմանադրությամբ ընդունվում են, իսկ 4-ը՝ ոչ, այնպես որ կոալիցիա չենք մտնի»:

«Կոալիցիա չենք մտնի». երդումի պես է հնչում: Բայց մտնում են: Այսինքն՝ երդումն ուրացան: Իսկ ավելի պարզ՝ ՀՅԴ-ի մոտ սատանի մայլում քյանդրբազություն անելն արդեն վաղուց չի ստացվում: Բոլորի համար տեսանելի ու հստակ են նրանց իրական կերպարն ու տեսակը, որ մեկ կույս չէ, մեկ էլ հանկարծ տեսնում ես՝ նորից կույս է խաղում:

Իսկ այդ կուսական խաղը հիմա ծիծաղից բացի ուրիշ ոչինչ չի հարուցում: Եվ որպեսզի ամեն անգամ ծաղրուծանակի առարկա չդառնան, լավ կլինի, որ գլխանց խոստովանեն՝ ՀՅԴ-ն միայն կուսակցություն չէ: ՀՅԴ-ն առևտրական կուսակցություն է:

 

 Shame.am

Այս նյութը դիտել են - 1462 անգամ