Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի, 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի և լրագրող Արթուր Հայրապետյանի դեմ ներկայացրած հայցով դատական գործընթացը:
Դեռ ամիսներ առաջ 4news.am լրատվական կայքը գրել էր, որ Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը հարցազրույց է տվել haqqin.az կայքին: Ըստ 4news.am լրատվական կայքում հրապարակված հոդվածի, Գայանե Մանուկյանը բարեկամական կապեր ունի Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և այդ օրերին Haqqin.am կայքին տված հարցազրույցում շատ հնարավոր է, որ վերջինս տեղեկություններ փոխանցած լինի թշնամի պետությանը երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Խոսքը, մասնավորապես, ‹‹Սասնա ծռերի››-ին ու նրանց գործունեությանն է վերաբերվում:
Հոդվածում նշվում էր նաև. ‹‹Ինչ է ստացվում, որ մեր երկիրը լքած կինը, մեր երկրի ներսում կատարվող իրավիճակի մասին հարցազրույց է տալիս մեր թշնամուն, ինչքանո՞վ է դա տրամագծորեն ճշմարտացի: Սա պետք է մտահոգի նաև մեր պետական կառույցներին: Ներքին թշնամուն հետ պահելով մեր երկրի անվտանգության, մասնավորապես, նման խառնակչություններից: Մեր լրագրողական հետաքննության արդյունքում Գայանեի այս կեցվածքը որակվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս դավաճանություն` հայրենիքի նկատմամբ: Գայանե Մանուկյանի դավաճանական արարքները, այո, սպառնում են մեր պետության անվտանգությանը: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է անհապաղ արձագանքեն այս ճչացող ու մեզ պատիվ չբերող իրողությանը»:
Ոստիկան Դավիթ Փերիխանյանն էլ Facebook սոցիալական ցանցում Գայանե Մանուկյանի մասին ռուսերեն վիրավորական գրառում էր արել և ծաղրանկար հրապարակել:
Սակայն լրատվական հետաքննության արդյունքում ճշտվել է, որ Գայանե Մանուկյանը հարցազրույց չի տվել ադրբեջանական կայքին:
Ըստ Գայանե Մանուկյանի, Լիլիթ Հովակիմյանը զրպարտել է իրեն ադրբեջանական կայքին հարցազրույց, ինչպես նաև Հայաստանից ինֆորմացիա հաղորդելու հարցում: Իսկ այն, որ ինքը Ադրբեջանի հետ բարեկամական կապեր ունի, վիրավորանք է համարում: Հայցվորը պատասխանողներից մեկ միլիոն դրամ է պահանջում վիրավորանքի և երկու միլիոն դրամ էլ զրպարտության համար՝ որպես փոխհատուցում: