Դեռ լսվում են «Վերջին զանգի» ղողանջները....
2017-05-28 11:42:00
«Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառման տպավորության տակ ենք... Հրաշալի տոնական օր, որն իր շարունակությունն ունեցավ Մարտակերտի հանդիսությունների սրահում` շրջանավարտների, նրանց դասավանդող ուսուցիչների և ծնողների մասնակցությամբ: Այդ սքանչելի օրվան բարձր տրամադրություն էր փոխանցում 12-րդ հոսքային դասարանի դասղեկ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Նոնա Հայրապետյանը: 
Նա առատ է ամեն ինչով. դա իր գեղեցկությունն է, որ արտաքին փայլ է տալիս նրան, նաև շռայլ է իր ժպիտներով, կենսուրախ ու կատակասեր բնավորությամբ: Ծիծաղը նրա ուղեկիցն է միշտ, որ թևածում է նաև մեր շուրջբոլորը և իր կենսասիրությամբ ամենուր փռում մի նոր մաքուր ու ազնիվ կյանք, որտեղ պահի տակ վերանում ենք ու մոռանում մեր գլխին կախված այն մեծ վտանգը, որ առկա է սահմանամերձ բնակավայրում ապրողներիս համար, վտանգ, որ կարող է հանկարծ մեր դեմքին իսկ քարացնի այդ ծիծաղը:
Մտերմիկ է նա իր աշակերտների հետ, շատ անկեղծ, այդ օրվա նրա հուզիչ խոսքը, թե սեպտեմբերին ինչ տրամադրությամբ կմտնի դպրոց, դասղեկի հոգու անբացատրելի թախծի արտահայտություն էր, որ ամեն տարի նոր կյանքի փուլ մտնող շրջանավարտների հանդեպ ունենում ենք ուսուցիչներս:
Դպրոցի բակում հարազատների գրկախառնություն էր, շրջանավարտներին ուղղված շնորհավորանքներ, իսկ հանդիսությունների սրահում երգն ու պարն էին միախառնվել իրար, բայց ես նրանց հետ էի, ովքեր իրենց մտքերով էլ տարբեր էին յուրովի:
«Զգացողությունս խառն է, չգիտեմ ուրախանա՞մ թե տխրեմ, որ ավարտում եմ դպրոցը: Սիրել եմ դպրոցական կյանքը, բայց կարծես ուրախ եմ նաև, որ ավարտում եմ: Կշարունակեմ ուսանողական նոր կյանք: Անցնելով հաջորդ փուլին` ես ինձ հետ տանում եմ հասուն անձնավորություն, ով լավ է հասկանում այս կյանքի լավն ու վատը, թացն ու չորը, և այդ ամենը` շնորհիվ մեր ուսուցիչների: Շնորհակալ եմ բոլորին` մեզ տված գիտելիքների և դաստիարակության համար, ես գիտեմ, որ կկարոտեմ դպրոցս» /Ղուլյան Գեղեցիկ/:
«Օրեր առաջ անընդհատ մտածում էի, որ շուտով հրաժեշտ կտամ և չէի պատկերացնում ինձ դպրոցից դուրս, իսկ հիմա զգում եմ վերջին պահի շունչը: Ամեն ինչի արժեքն զգում ենք միայն այն ժամանակ, երբ հիշողություն է դառնում: Գիտեմ, որ հետո կարոտելու եմ մեր դպրոցական խենթ օրերը, դասերին անպատրաստ ներկայանալը..., կարոտելու եմ ուսուցիչներիս, ովքեր մեզ սիրում ու երբեմն դիտողություն էին անում» /Կարապետյան Արմինե/:
«Չեմ պատկերացնում օրերս առանց դպրոցի, մի անբացատրելի տխուր զգացողություն կա հոգուս խորքում: Կկարոտեմ դպրոցս, դասաժամերը, ընկերներիս, ուսուցիչներիս, ովքեր իրենց համբերությամբ, բարի խորհուրդներով միշտ ուղեկցել են մեզ, իսկ դպրոցը կմնա մեր հուշերում...» /Ջավադյան Վարդուհի/:
Շարում են տպագիր տողերը, բայց մտքերով ես նրանց հետ եմ, նորից ցանկություն է ծնվում շնորհավորել դասղեկներ Նոնա Հայրապետյանին ու Նինա Բադունցին, բոլոր շրջանավարտներին ու նրանց ուսուցիչներին, առանձնապես` ծնողներին, ովքեր մեզ հետ էին այս երկար ու ձիգ դպրոցական տարիներին:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 35243 անգամ