«Վերջին զանգի» հետադարձ հայացք...11 տարի առաջ և այսօր
2017-05-29 11:59:00
«Վերջին զանգի» օրվա անակնկալը մեծ էր, երբ 2006-ի շրջանավարտներից այս տարածքում հավաքվել էին իրենց դասղեկի՝ մանկավարժիս ֆեյսբուքյան էջում: Անի Թևոսյանի՝ ինձ ուղարկած «Վերջին զանգի» հղումը՝ «11 տարի առաջ» գրառմամբ, մեզ տարել էր անցյալի գիրկը, որտեղ հիշողություն դարձած մի դպրոցական կյանք կար: Նրանց ուղարկած իմ ծաղկաբույլերի մեջ երփներանգվեց մի անհոգ կյանք, որտեղ հանգրվան էր գտել մի անզուգական կարոտ: Առավել մեծ էր անակնկալը, երբ տեսանելի դարձան նրանց «Վերջին զանգի» մի քանի աղոտ նկարներ: Հուզմունքս մեծ էր, երբ նրանք ինձ մոտ էին՝ այս տարածքում, Կարինե Հյուսնունցը, Հայկ Առուշանյանը, Արմինե Վերդյանը, Արմինե Պետրոսյանը, Նանար Շահանցը, Դավիթ Հովսեփյանը, Ելենա Սարգսյանը, Վալենտինա Գասպարյանը...
Օրեր առաջ՝ մայիսի 26-ին, «Վերջին զանգի» երեկոյան հանդիսությունից ժամ առաջ դուրս եկա: Ցանկություն ծնվեց՝ գիշերային լուսավառ Մարտակերտի կենտրոնական փողոցով միայնակ ոտքով քայլել մինչև տուն: Հանկարծ իմ հետևից ձայն եմ լսում...Ինչպե՞ս թե ոտքով..., ու րոպեներ անց իմ կողքին կանգնում է նրա մեքենան...2006-ի շրջանավարտներից Դավիթ Ալավերդյանն էր, ում այս տարիներին չէի տեսել, բայց այդ միջոցառման օրը հասցրել էինք հիշել անցած օրերից. մեզ հետ էր նաև Նաիրի Ազատյանը:
Նրանցից շատերն արդեն ընտանիքներ ունեն, երեխաներ: Առիթից առիթ ոմանք զանգում են ինձ, երբեմն գրվում են այս տարածքում: Պատահում է՝ առերես հանդիպում ենք, բայց միշտ էլ կարոտը նույնն է մնում՝ նույնիսկ այս նկարներում, երբ ինձ տեսանելի դարձան նաև այդ ուստարվա շրջանավարտներից Մերի Անդրյանը, Բագրատ Օհանջանյանը, Արման Գրիգորյանը, Արմեն Միրզոյանը, Ալբերտ Նավասարդյանը, Սվետլանա Հյուսնունցը, Բենիամին Պետրոսյանը, Նարեկ Գյուրջյանը, Հասմիկ Գրիգորյանը...
Ես փորձում եմ այս պահին համեմատության եզրեր գտնել մեր օրերի աշակերտների ու նրանց միջև: Ուսուցչուհուս երբեմն հարցնում են աշակերտները, թե ինչու են ուսումնասիրում Դեմիրճյանի «Վարդանանքը» կամ Չարենցի «Դանթեական առասպելը»: Ես բացատրում եմ նրանց, որ յուրաքանչյուր սերունդ պետք է իմանա իր ժողովրդի անցած ճանապարհը, իսկ նրանք հակադարձում են, որ իրենք ուզում են անհոգ ապրել, ինչու՞ հիշեն անցյալը, երբ մեր օրերում էլ պատերազմի սպառնալիքի տակ են ապրում: Այսօրվա դպրոցականն իր անձնական հույզերով երբեմն կիսվում է ուսուցչուհուս հետ, նույնիսկ մերժում է Թումանյանի «Անուշը», երբ համոզված է, որ նոր սերունդը սիրո համար երբևէ ինքնասպանություն չի գործի, բայց զոհողության կգնա հանուն հայրենիքի. դրա վառ օրինակը՝ ապրիլյան դեպքերը:
Մեր օրերում դպրոցականները չեն ուզում օրագիր պահել, երբ գիտեն, որ ուսուցիչները գնահատականները մտցնում են էլեկտրոնային մատյան, նրանք դասերին նաև իրենց հետ բերում են բջջային հեռախոսներ, նույնիսկ արձակուրդի օրերին հարց են բարձրացնում, թե ինչու են իրենց տնային առաջադրանքներ հանձնարարվում: Նաև նոր օրերի դպրոցականը համոզված է, որ առանց սովորելու էլ բուհ է ընդունվելու, նույն հաջողությամբ հետագայում բարեկեցիկ կյանք է ստեղծելու, բայց նա հաստատ գիտի, որ այստեղ ապրելով՝ իր երկրի հայրենյաց պաշտպանն է դառնում:
Այն ժամանակ՝ տասնմեկ տարի առաջ, մեր շրջանավարտներն այցելեցին դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանին, եկան իմ՝ դասղեկիս տունը, մեզ պատվավոր հրավիրեցին՝ մասնակցելու «Վերջին զանգի» միջոցառմանը, իսկ մեր օրերում զարմանում են, նաև ուրախ են, որ այդ սովորույթը չկա...
Ժամանակները փոխվում են, փոխվում է նաև սերունդը: Ուսուցիչներս երբեմն չենք հակադարձում նրանց, ժամանակի հետ ենք քայլում, բայց միշտ էլ երանի ենք տալիս անցյալին: Մազերիս մեջ էլ ճերմակները շատացել են, այս տասնմեկ և ավելի տարինե՞րն են պատճառը, որ ծերանում ենք, թե՞ այսօրվա մեր մտածումներին հակադարձող դպրոցականների մեղքն էլ կա, բայց մի բան պարզ է, որ ազնիվ ու առողջ սերունդ ենք մեծացնում, հայրենի հողի պաշտպաններ, ուսուցչի աշխատանքն էլ ծանրացել է, և միշտ երանությամբ ենք հիշում անցած տարիների մեր դպրոցականներին:
2006-ի իմ սիրելի՛ շրջանավարտներ, դուք միշտ ինձ հետ եք, ձեզ նվիրված այս հոդվածը սիրով գրեցի՝ հույսով, որ մի օր կհաջողվի հրատարակել ուսուցչուհուս ամենօրյա գրառումների «Մանկավարժի օրագիր» գիրքը, որտեղ իր արժանվույն տեղը կունենա նաև այս հրապարակումը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 37255 անգամ