Երեխաների հետ Գանձասարում Նատաշա Պողոսյան
2017-05-31 12:39:00
 

Մարտակերտի N զորամասի կողմից մեզ տրամադրված ավտոբուսը լեփ-լեցուն էր երեխաների ուրախ ճռվողյունով: 8-րդ ա դասարան փոխադրված իմ դասղեկական դասարանի աշակերտներն են ու նրանց ծնողները, ովքեր կազմակերպել են ուստարվա ավարտին էքսկուրսիա` դեպի Գանձասար` բնության մի հրաշագեղ վայր, բարձունքին թառած այն հինավուրց եկեղեցին, որ դարերի պատմություն ունի: Ծնողական խորհրդի կողմից այս միջոցառումը նախատեսված էր Երեխաների միջազգային օրվա առթիվ, որով բարձր տրամադրություն էր փոխանցվել բոլորիս:
Այս երեխաների ծնողների կողմից կազմակերպված մեր միջոցառումը մի նոր շքեղություն էր ստացել նրանց իսկ մասնակցությամբ: Իհարկե, ոչ բոլորի, բայց այստեղ էին ` Անժելիկայի, Սոֆյայի, Գևորգի, Արմինեի, Նարեկի, Էլմիրայի, Անիի, Լուսինեի ծնողները, իսկ մեր հայրիկներից Գևորգ Սամվելյանի միջամտությունը կար նաև ավտոբուսի օժանդակության հարցում:
Երբեմն դիտողություն էի անում երեխաներին, երբեմն հիանում այն անկեղծ ապրումներով, որ իշխում էր շրջապատում: Նրանց տարբեր երգերի հնչեղությամբ, կատակներով, ծափ ու ծիծաղով հաղթահարեցինք Վանք գյուղից վերև` դեպի Գանձասար տանող բարձունքը` հիացած բնության անձեռակերտ հրաշալիքներով: Մտանք եկեղեցի, երկյուղածությամբ ու մի առանձնակի ակնածանքով մոմերի լույսերի առկայծումներում մեր աղոթք-մրմունջները հղեցինք առ Աստված: Մեր երեխաների` մոմերին հառած հայացքներում աղերս էի ընթերցում, նրանց շուրթերին թառած մանրիկ աղոթքների պատառիկներն էին ինձ հասնում, ու խաղաղ կյանքի երազանքներ էին այնտեղ:
Եկեղեցուց ոչ շատ հեռու Մատենադարանն է, որտեղ դարերի խորքից եկած հին ձեռագրեր են: Ակնածանք կա այնտեղ, պարզ ու հետաքրքրասեր հայացքներ, որ սևեռված էին հին մագաղաթներին: Մեր ժողովրդի անցած դարավոր ճանապարհն է ուրվագծում այն, և պատերի ներսում քար լռության մեջ արձագանքում էր Ֆլորա Ահարոնյանի ձայնը, որ բացատրում էր ոգեղեն մատյանների հին պատմությունը:
Այս գեղեցիկ բնության գրկում մարդու ձեռքով արարված հրաշալիքներով հիանում ենք, և անհնար է դառնում չհիշել այն մեծագույն բարերար Լևոն Հայրապետյանի անունը, ով իր հայրենի գյուղում նման մարդասիրական նվիրաբերում է կատարել:
Եղանակի անբարենպաստ պայմաններն անգամ չեն խանգարում մեզ` վայելելու շրջապատի գեղեցկությունը, կարկտախառն անձրևին մերթընդմերթ փոխարինում էր անձրևախառն արևը, ու նրա անձրևոտ շողերի առկայծումներին միախառնվում էր երջանկությամբ արբեցած մեր երեխաների ու նրանց ծնողների ուրախ պարը, որ զուգահեռվում էր տաղավար հրավիրված երգչի ձայնով: /Շարունակելի.../
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 36070 անգամ