Հաց բերող Արթուր Սարգսյանի մահից հետո Երևանում զանգվածային միջոցառումներ կազմակերպելու համար ընդդեմ Շահեն Հարությունյանի վարչական դատարան է դիմել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետարանի հաստատմամբ։
«Իրենց հիմնական պահանջն էն ա, թե ինչի դու չես քաղաքապետարան իրազեկում ներկայացրել որ դուք հավաք և ցույց եք անելու»,- «Ա1+»-ին ասում է Շահեն Հարությունյանը։
Հիշելով երեք ամիս առաջվա հանրահավաքներն ու երթերը, Շահեն Հարությունյանը վստահեցնում է՝ հավաքները եղել են ինքնաբուխ, իսկ այդ պարագայում քաղաքապետարան իրազեկում ներկայացնելու կարիք չկար։
«Եվ հենց պարոն Օսիպյանն էլ ասում էր՝ այո, դուք իրավունք ունեք իրականացնելու հավաք, ուղղակի մի քիչ սենց, մի քիչ նենց…։ 7 օր շարունակ համ նստացույց էինք իրականացնում, համ երթ-հանրահավաքներ, ոչ մի անգամ մեզ չեն ասել, որ ձեր հավաքն անօրինական է»։
18-ամյա Շահենը 2013-ի նոյեմբերի 5-ի գործով արդեն իսկ 4 տարվա պայմանական ազատազրկման է ենթարկվել։ Նա մտավախություն ունի, որ 5 վարչական գործերի ի հայտ գալը կարող է բանտում հայտնվելու պատճառ դառնալ։ «Հիմա իմ մոտ կան բազմաթիվ վարչական իրավախախտումներ, որոնք ապօրինի և շինծու են ստեղծված իմ գլխին։ 2-3 վարչական խախտումներ են ստեղծել իմ գլխին, որ երբ ուզենան ինձ բանտ մտցնեն»։
Շահենն այս օրերին բանակ գնալու համար բժշկական զննությունների է ենթարկվում։ Ըստ նրա՝ իր հիվանդությունների ու դատվածության պատճառով ինքը ենթակա չէ բանակ զորակոչման։ Իսկ օրերս էլ բժշկական հանձնաժողովը նրան հոգեբուժարան էր ուղարկել։
«Իշխանությունները դեռևս չեն հրաժարվել իրենց որդեգրած ձեռագրից, փորձում են ամեն կերպ ինձ ճնշել ու քաղաքական դաշտից հեռացնել։ Ճնշումները սաստկացել են, էլ փորձում են հոգեբուժարան ուղարկել զինակոչի անվան տակ, հիմա էլ այս դատական գործերը»։
Շահենն իր քայլերի մասին պատմում է բանտում գտնվող հորը՝ Շանթ Հարությունյանին, և վայելում է ծնողների աջակցությունը։ Դատական անվերջ ձգվող պատմությունները կոփել են երիտասարդին՝ հուսահատեցնելու փոխարեն։
Այս նյութը դիտել են - 4929 անգամ