ՀՀ ոստիկանության նման գործելակերպն անհամատեղելի է ժողովրդավարական ու իրավական պետության սկզբունքներին
2017-06-01 10:30:00







 
 
2017թ. մայիսի 31-ին ժամը 15-ի սահմաններում Երևանի Հյուսիսային պողոտայում զբոսնելիս, առանց որևէ առիթի, Բագին փաստաբանական գրասենյակի տնօրեն Արգիշտի Կիվիրյանին են մոտեցել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները և ցանկացել խուզարկել փաստաբանին: Կիվիրյանի հարցին, թե ինչ հիմքով են ցանկանում իրեն խուզարկել, նրան են մոտեցել ևս մի քանի ոստիկան և Կիվիրյանին բերման ենթարկել ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժին սառը զենք կրելու կասկածանքով:
Ըստ ոստիկաններից մեկի զեկուցագրի՝ Ա. Կիվիրյանի աջ գրպանում դանականման իր է ուրվագծվում, մինչդեռ խուզարկություն սկսելուց առաջ, Ա. Կիվիրյանի փաստաբանը ընթերականների ուշադրությունը հրավիրել է, որ Ա.Կիվիրյանի ոչ մի գրպանում դանականման իր չի ուրվագծվում: Փաստաբանի կողմից կողմից կատարվել է նաև տեսանկարահանում, որով ևս հաստատվել է, որ ոստիկանների զեկուցագիրը չի համապատասխանում իրականությանը: Ա. Կիվիրյանը մոտ 2 ժամ պահվել է անազատության մեջ: Ըստ ժամը 17:24-ին ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա մոտ արգելված առարկա չի հայտնաբերվել: Սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը: Ի դեպ, Կիվիրյանի աջ գրպանում բանալիների խուրձ նույնպես չի եղել:
Սույն միջադեպը մենք համարում ենք ոստիկանապետությանը բնորոշ ապօրինի մեթոդներով քաղաքական հետապնդում հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող և հանրային նշանակության տարբեր հարցերի վերաբերյալ վարչակազմին սուր քննադատող գործչի՝ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ:
Նման գործելակերպը ուղղված է ոչ միայն անձամբ Արգիշտի Կիվիրյանի, այլև քաղաքացիական ու հասարակական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր անձի նկատմամբ: ՀՀ ոստիկանության նման գործելակերպն անհամատեղելի է ժողովրդավարական ու իրավական պետության սկզբունքներին:
Դատապարտելով նման աղաղակող խախտումները՝ պահանջում ենք պատասխանատվության ենթարկել այդ ապօրինությունները կատարած ոստիկանության աշխատակիցներին և նրանց ղեկավարներին:

Հայաստանի Հելսինկյան Կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Այս նյութը դիտել են - 1833 անգամ