Ավիկ Դերենցի «Խոհաշխարհ» գիրքը....
2015-12-01 23:59:00

 Նոյեմբերի 11-ին Երևանի Ավ.Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Բոստոնում ապրող հայ գրող Ավիկ Դերենցի «Խոհաշխարհ»  գրքի շնորհանդեսը:

Գրքի մասին նախ խոսեց գրքի խմբագիր Գրիգոր Ջանիկյանը:  Իրենց շնորհավորական խոսքով ելույթ ունեցան գրականագետ Ավիկ Իսահակյանը, գրողներ  Լևոն Բլբուլյանը, Արևշատ Ավագյանը: Բանաստեղծ Ավիկ Դերենցին իր խոսքն ուղղեց նաև Գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանը:  Իր անզուգական ձայնով Ավիկ Դերենցի գոհարներից հանդիսատեսի համար ընթերցեց Սիլվա Յուզբաշյանը:

Ստորև ներկայացնում ենք Ավիկ Դերենցի «Խոհաշխարհ»   գրքից մի քանի մտքեր.

Անցյալի սխալներն ապագան է սրբագրում:

Ապրելը դժվար է,  մարդ ապրելը `առավել:

Կյանքն ամենօրյա հաշվետվություն է խղճի առաջ:

Մարդուն խավարից կարելի է հանել, բայց խավարը մարդուց ` դժվար:

Քամուն հակառակ նավարկողը դժվար տեղ հասնի:

Գիտելիք ուսումն է տալիս, փորձառություն` կյանքը:

Խորիմաստ միտքը պարզագույն բառերով էլ կարելի է արտահայտել:

Աստծո մասին խոսելով չեն սրբանում:

Անձրևից հետո անձրևանոց մի փնտրիր:

Անվստահ քայլողը շուտ է հոգնում: 

Բամբասանքի ակունքը անզորությունն է:

Ինչ ուզում ես մոռացիր, մարդ լինելդ` երբեք: 

 

Մտքերն հավաքեց Ա. Մ. -ն

Գրքի լույս աշխարհ գալու կապակցությամբ հեղինակին շնորհավորում է նաև USArmenianews.com կայքի խմբագրական կազմը:

Այս նյութը դիտել են - 3279 անգամ