Վախճանվել է Դիարբեքիրի հայ վերջին բնակիչը
2016-01-20 09:04:00

Դիարբեքիրում թոքերի բորբոքումից մահացավ հայազգի վերջին բնակիչը, հայտնում է «Ամերիկայի Ձայնի» թղթակիցը Դիարբեքիրից: 85-ամյա Սարգիս Էքենը հայտնի էր որպես Դիարբեքիրի հայազգի վերջին բնակիչ, ով հրաժարվել էր լքել քաղաքը ամենադժվարին օրերին: Վերջին 30 տարիների ընթացքում Էքենն ապրում էր Սբ. Մարիամ Աստվածածնի ասորական եկեղեցուն կից գտնվող տնակում:

«Երբ խոսքը գնում էր Դիարբեքիրի հայերի մասին, նա առաջինն էր, ում անունն իսկույն հիշում էիր», - «Ամերիկայի Ձայնին» ասաց Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի անդամ Գաֆուր Թուրքայը:

Դիարբեքիրի հայազգի վերջին բնակչի հոգեհանգիստը նախատեսվում էր անց կացնել Սբ. Կիրակոս հայկական եկեղեցում, սակայն, պարետային ժամի պատճառով այն որոշեցին անց կացնել Սբ. Մարիամ Աստվածածնի ասորական եկեղեցում, որի բակում էլ բնակվում էր ծերունին: Տեսանյութում լսվում էին հոգեհանգստի զանգերի հետ միասին հնչող հարեւանությամբ տեղի ունեցող պայթյունների ձայները:

Հոգեհանգստին ներկա էին Սարգիս Էքենի բազմաթիվ բարեկամները, որոնք տարիներ առաջ հայրենի հողերից գաղթել էին Նիդերլանդներ, Հայաստան եւ Կանադա: Ինքը՝ Սարգիսը, միշտ հրաժարվել է լքել հայրենի հողը: Չնայած, որ միշտ քրիստոնյա էր, Սարգիս Էքենը ընդամենը երկու տասնամյակ առաջ էր պաշտոնապես փաստաթղթերում փոխել հավատքը մահմեդականությունից քրիստոնյայի:

Ավելի քան 1300 կիլոմետր դեպի արեւմուտք, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցել էր մեկ այլ միջոցառում՝ նշանավորելով ՝՝Ակոս՛՛ թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության իններորդ տարելիցը, երբ հարյուրավոր քաղաքացիներ դուրս էին եկել բողոքի ցույցի:

«Հրանտ Դինքը Թուրքիայի համար չափազանց կարեւոր մարդ էր: Նա խաղաղության կոչ էր անում, նա կամուրջ էր մարդկանց միջեւ: Այդ պատճառով Դինքի հիշատակը շատ կարեւոր է», - ասում է տուրիզմի ոլորտի աշխատող Բուրհան Կայաօղլուն:

«Ուս ուսի տված՝ ընդդեմ ֆաշիզմի» եւ «Մարդասպան պետությունը պատասխան է տալու» բացականչություններով եւ «Բոլորս Հրանտ ենք», «Մենք հայ ենք» պաստառներով քաղաքացիները դուրս էին եկել՝ հիշեցնելու թուրք հասարակությանը ազգայնականության վտանգի մասին:

Այս նյութը դիտել են - 1285 անգամ