Այն հիշարժան օրվա հետ2017-06-05 09:43:00
Գանձասարի վանքի հարակից տարածքում ենք, որտեղ տեղակայված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը: Խորին ակնածանքով ենք մտնում այդ ձեռագրատունը, իսկ այդտեղ գիտական ուսումնասիրությունների բաժին կա և թանգարանային համալիր, որի մասին ներկայացնում է Ֆլորա Ահարոնյանը: Պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված ձեռագիր մատյաններ են, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր, Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակներ...
Այստեղ պատմություն կար, որ անաղարտ հայերենով բացատրվում էր ամեն մի ձեռագրի մասին: Մենք գիտենք, որ Գանձասարը հայ գրչության հին և նշանավոր կենտրոններից մեկն է, որտեղ շատ բարձրարժեք ձեռագրեր են ստեղծվել, բայց համոզվում ենք նաև, որ հայագիտության զարգացման համար նոր հնարավորություներ կան այդտեղ. ուսումնասիրություններ կատարելու, կոնֆերանսներ, գիտաժողովներ կազմակերպելու բոլոր պայմաններն ապահովված են:
Քանի որ Գանձասարը նաև կաթողիկոսանիստ է եղել, ժամանակին հենց այս համալիրում են բազմաթիվ մատյաններ ստեղծվել ու նկարազարդվել: Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ` Գանձասարը երկար ժամանակ պահպանել է նաև հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, այստեղ կրթվել են հոգևոր և աշխարհիկ շատ գործիչներ: Այդ մասին են վկայում նաև եկեղեցու որմերին ու խաչքարերի վրա պահպանված վիմագիր արձանագրությունները: Վանքի շուրջ երկու հարյուր արձանագրությունների մեծ մասը գրված է վարպետ գրիչների ձեռքով:
Ժամանակի պատմիչները` հատկապես Կիրակոս Գանձակեցին, հիացմունքով են պատմել վանքի շինարարության և նրա օծման արարողության մասին: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարի հինավուրց եկեղեցին քաղաքական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա հայկական գավառների համար: Իսկ 1701 թ.-ին այստեղ է գրվել ռուսական կայսր Պետրոս Առաջինին ուղղված առաջին նամակը, որով ղարաբաղի հայերը ռուսական պետությունից օգնություն են խնդրել` արևելքի բարբարոսներից ազատագրվելու համար: Խորհրդային տարիներին Գանձասարը չի գործել և այն հնարավոր է եղել նորոգել միայն 1993-97 թ.-ին: Այս օրերին էլ բարեկարգվում էր շենքի հարակից տարածքը:
Հայոց պատմության էջերը թերթած այս երեխաները գիտեն, որ իր անկրկնելի գեղեցկությամբ, շրջապատի չքնաղ բնության հետ` Գանձասարի վանքը ողջ աշխարհին ներկայանում է իր լիարժեք շքեղությամբ ու հմայքով, այն հայ ժողովրդի հազարամյա բազմահարուստ ճարտարապետական ժառանգության ամենահոյակապ գանձերից մեկն է: Այստեղ գլխավոր տեսարժան վայրը համարվում է Ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին, որտեղից խորին ակնածանքով դուրս եկանք:
Ամեն մի օր իր ավարտն ունի... Այդ օրն ուրիշ էր: Վանք գյուղում գտնվող հյուրանոց նավի մոտ էլ նկարվեցինք: Երեկոն իջել էր, երբ հասանք Մարտակերտ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 35391 անգամ