Հայաստանում շատերն էին անհամբերությամբ սպասում, թե երբ ի վերջո կբացեն ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Հիմա այն արդեն բացված է: Սակայն հայաստանցիների համար ուրախալի լուրեր այնտեղ հազիվ թե գտնվեն: Բանն այն է, որ Քրքորյանը կտակել է վաճառել իր ամբողջ ունեցվածքը և գոյացած գումարն ուղղել բարեգործության։ Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք։
Հիմա փորձենք հասկանալ, թե սա ինչ է նշանակում: Նախ կարելի է կարծել, թե կտակից օգտվելու ակնկալիք կարող են ունենալ միայն այն կազմակերպությունները, որոնք նախկինում Քրքորյանի հիմնադրամներից օժանդակություն ստացել են։ Այստեղ տեղին պիտի լինի վերհիշել, որ Քրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին Հայաստանում 200 մլն դոլարի ճանապարհաշինարարություն իրականացրեց։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ կտակից Հայաստանը բաժին կարող է ակնկալել: Նույն Քրքորյանին զայրացրել էր ՀՀ պաշտոնյաների կողմից այդ գումարների մի մասը գրպանելու, հատկապես Ռոբերտ Քոչարյանի Արմենչիկի` նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կողմից, փողերը մսխելու, ծրագրերն անկատար թողնելու փաստը, և նա հուսահատված վերցրեց ու լուծարեց «Լինսի» հիմնադրամը՝ հրաժարվելով Հայաստանին որևէ սենտ տալ։
Այժմ, երբ Հայաստանում դեռ հույսեր են փայփայում, թե այնուամենայնիվ ազգային հերոսը չի մոռանա իր հայրենիքը, ապա պիտի նաև հիշեն, որ ազգային հերոսը կարող էր չմոռանալ նաև հայրենիքի թալանչիներին: Ենթադրվում է, որ Քըրքորյանի ունեցվածքի վաճառքից կգոյանա շուրջ 3 միլիարդ դոլար: Ազնիվ գտնվելու պարագայում մեր երկիրը կարող էր բավականին մեծ մասնաբաժին ակնկալել, մինչդեռ փոխարենը գուցե թե ստանա ընդամենը հիշեցում նրա մասին, որ գողությունը չարիք է:
Այս նյութը դիտել են - 1473 անգամ