«Հայկական ժամանակ»-ը գրում է.Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հերթական անգամ կառավարության նիստի ժամանակ նկատողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս անգամ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատող տաքսիստների «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» լինելու համար:
Բնականաբար, ոստիկանապետն այս խնդրում մեղավոր առանցքային պաշտոնյան չէ, բայց վարչապետը որոշեց հենց նրա անունը հնչեցնել իրավիճակից իր ծայրահեղ դժգոհությունն արտահայտող ելույթի ժամանակ: Ինչո՞ւ է վարչապետը կառավարության նիստերի ժամանակ ոստիկանապետին հրապարակայնորեն նկատողություն անում, հատկապես այնպիսի հարցերում, որոնց համար ցանկության դեպքում ավելի անմիջական մեղավորներ կարող էր գտնել:
Մեկ ամիս առաջ Կարեն Կարապետյանը ոստիկանապետին նկատողություն արեց փողոցներում կուտակվող աղբի համար, եւ հանձնարարեց կանխարգելման միջոցներ ձեռնարկել, փողոցում աղբ թափողների ձեռից բռնել եւ թափած աղբը հավաքել տալ: «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք՝ ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»,- ասաց նա:
Երեկ էլ տաքսիստների թեմայով կրկին դիմելով ոստիկանապետին Կարեն Կարապետյանն ասաց. «Պարոն Գասպարյան, ընդեղ էլ ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ... Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»:
Երկու դեպքում էլ, Վլադիմիր Գասպարյանը ստիպված էր վարչապետին բացատրել, որ իրեն չի դիմում իր ուղղակի գործառույթներին առնչվող հարցերով: Աղբահանության մասով ասաց, որ ապարդյուն խոսակցություն է, քանի որ ոստիկանը կարող է օժանդակել, բայց չի կարող մաքրել փողոցները: Տաքսիստների հետ կապված էլ Գասպարյանը վարչապետի ուշադրությունը հրավիրեց լիցենզիա տրամադրելու խնդրի վրա, երբ կասկածելի անցյալով, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց տաքսի վարելու լիցենզիա է տրամադրվում:
Աղբահանության թեմայով ոստիկանապետին անհանգստացնելուց հետո իշխանական մամուլի եզրակացությունը մեկն էր. Կարեն Կարապետյանն այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանեց, եւ չընկալեց ներիշխանական չգրված օրենքները`չհասկանալով, որ Վ. Գասպարյանի հետ նման խոսակցություն բացելով՝ նա լարվածություն է ստեղծում իր և Ս. Սարգսյանի իշխանության առանցքային դերակատարներից մեկի հետ:
Նույնիսկ զգուշացում եղավ, որ դա կարող է վատ ավարտվել, քանի որ ի տարբերություն Կարեն Կարապետյանի, որը ժամանակավոր է Հայաստանում, Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի իշխանության հիմնական հենասյուներից մեկն էր:
Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մեղմ ասած, խաբուսիկ է տպավորությունը, թե Կարեն Կարապետյանը անգիտակցաբար է հարվածներ հասցնում Սերժ Սարգսյանի հենասյուներից մեկին:
Կառավարության վերջին ձեւավորման գործընթացից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը զրկել է Կարեն Կարապետյանին նույնիսկ այն սահմանափակ ազատությունից, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ սահմանվել է իրենց պայմանավորվածությունների ժամանակ:
Հիշեցնենք, Կարապետյանը վարչապետի նշանակումից հետո, տարբեր առիթներով հասկացրեց, որ ինքը ունի որոշումներ կայացնելու որոշակի աստիճան, սահման, որից դուրս գալ չի կարող: Նա սա ընդգծում էր երկրում բարեփոխումների, մոնոպոլիաների եւ կոռուպցիայի հաղթահարման թեմաների շրջանակներում զրույցների ժամանակ, ակնկալելով, թե իրենից այս հարցերում մեծ բան չպետք է սպասել, քանի որ ինքը չունի որոշումներ կայացնելու ազատություն:
Կառավարության ձեւավորման վերջին պրոցեսը, սակայն ցույց տվեց, որ որոշումներ կայացնելու վարչապետի շրջանակը էլ ավելի է նեղացել, գրեթե զրոյացել է: Կարեն Կարապետյանը, ըստ էության, հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ, զրկված գործելու ցանկացած հնարավորությունից: Սերժ Սարգսյանն էլ վերջին շրջանում իրար հետեւից աշխատանքային խորհրդակցություններ է անցկացնում Կարեն Կարապետյանի «մարդկանց» հետ, նրանցից տարբեր պարզաբանումներ պահանջում, հանձնարարություններ տալիս, եւ այդ ամբողջ պրոցեսը նույնպես էապես թուլացնում է Կարեն Կարապետյանի դիրքերը:
Այս նյութը դիտել են - 11378 անգամ