Նորանշանակ պետի կրկնակի սուտը Newsbook
2017-06-12 14:49:00

  NewsBook-ը  գրում է.Ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի հաղթանակի գործում իր մեծ ավանդն ունեցած հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը չի ընդունում, որ ընտրություններում կեղծ դիտորդ է եղել:

Լրագրողների հետ զրույցում այսօր նա պնդել է՝ ավագանու ընտրություններում կեղծ դիտորդ չի եղել: Աննա Ստեփանյանը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ ԿԸՀ-ն արդեն պարզաբանում է տվել:

NewsBook-ը փորձեց հասկանալ՝ մասնավորապես ի՞նչ պարզաբանման մասին է խոսքը, երբ ԿԸՀ կայքում այդ մասին պաշտոնական պարզաբանման տեսքով ոչինչ չկա: Հարցին, թե ի՞նչ պարզաբանում է այս մասին տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց. «Միգուցե նկատի է ունեցել պարոն Մուկուչյանի հարցազրո՞ւյցը, բայց պարզաբանում որպես այդպիսին այս պահին չեմ մտաբերում: Բայց մեր կայքում հրապարակված է այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք իրականացրել են դիտորդական առաքելություն, այդ թվում՝ նաև այդ կազմակերպությունների դիտորդների ցուցակները»:

Ի դեպ, հարկ է ևս մեկ անգամ ընդգծել ու հիշեցնել, որ Աննա Ստեփանյանի անուն ազգանունը բացակայում է ԿԸՀ կայքում հրապարակված դիտորդների ցանկից: Սկանդալի կենտրոնում հայտնված նոր պետը, միգուցե, հենց լրագրողների հնարավոր հարցադրումներից պաշտպանելու համար է նոր ու մտացածին «պարզաբանում» հորինել: Իսկ թե ի՞նչ պաշտոնական պարզաբանման մասին է խոսքը, ըստ էության, հայտնի է միայն Աննա Ստեփանյանին:

Փաստն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններին Սիամանթոյի անվան դպրոցի արդեն նախկին տնօրեն Աննա Ստեփանյանը ներկա է գտնվել թիվ 7/20 ընտրատեղամասում: Նա ներկայացել է որպես «Կրթական և մշակութային կամուրջներ» կազմակերպության դիտորդ։ Որոշ ժամանակ անց «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանի ջանքերով պարզվել է, որ ԿԸՀ-ում այսպիսի դիտորդ գրանցված չկա և կեղծ դիտորդը դուրս է հրավիրվել ընտրատեղամասից։

Հավելենք նաև, որ կա նաև փաստն արձանագրող տեսանյութը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Նրան այսուհետ կփոխարինի Աննա Ստեփանյանը:  

  Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս նյութը դիտել են - 9662 անգամ