Ուսուցիչների աշխատանքն ուստարվա վերջում
2017-06-13 12:58:00
 

Երբեմն զարմացական արտահայտություններ ենք լսում, թե դպրոցի զանգը լռելուց ու դասերի ավարտից հետո ուստարվա վերջում ուսուցիչն ինչով է զբաղվում: Թերևս անելիքներ շատ կան, չնայած քննություններ կան այդ ընթացքում, բայց մենք առնչվում ենք մատենավարությանը, առավելապես դասղեկները, ովքեր պարտավոր են մինչ այդ ներկայացնել աշակերտների առաջադիմության հաշվառման ամփոփագիրը, որտեղ գնահատականներն են, դասարանի գերազանցիկների, հարվածայինների ու անբավարար գնահատված աշակերտների ցուցակը, հարգելի կամ անհարգելի պատճառներով բացակայությունների քանակը, առաջադիմության տոկոսը....
Վերանայվում են մատյանները՝ ըստ առարկաների, ստուգվում է յուրաքանչյուր ուսուցչի կատարողական, որ նախատեսված է իր ուսումնական պլանով: Դրանք թեմատիկ գրավորներն են, գործնական և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքները, ընդհանրապես դասավանդած բանավոր և գրավոր դասաժամերի քանակը, նախասիրական պարապմունքներն ու խմբակները, որ պետք է լրացված լինեն համապատասխան դասամատյանում: Նմանապես այդտեղ լրացվում են դասղեկական դասաժամերի թեմաները, փոխադրվող կամ վերաքննության մնացած աշակերտների մասին տեղեկություններ: Հաշվառվում են աշակերտների ամբողջ ուստարվա ընթացքում դպրոցից տեղափոխվելն ու նոր աշակերտների տվյալ դասարանում ընդունվելը:
Առանձնակի աշխատանք է պարունակում յուրաքանչյուր աշակերտի անձնական գործը, որտեղ գրանցվում են տարեվերջի բոլոր գնահատականները: Նաև աշակերտներին անհրաժեշտ է առանձին-առանձին բնութագրել, թե ինչպես է տվյալ ուսումնական տարում այդ աշակերտն իրեն դրսևորել:
Մատենավարության ամբողջ գործընթացը վերջացնելուց հետո դրանք հանձնում ենք դպրոցի ուսումնական մասի գծով փոխտնօրեն (ուսմասվար) Էլլադա Աղասյանին: Թերևս ամենածանրաբեռնված աշխատանքը բոլոր ուսմասվարների մոտ է, որ լինում է կիսամյակների վերջում և ուստարվա ավարտին, ովքեր ներկայանում են մանկավարժական խորհրդի նիստերում իրենց հաշվետվությամբ:
Ուսուցիչը պետք է ուշադիր զննի իր նշանակած բոլոր գնահատականները. դա մանրակրկիտ աշխատանք է, որևէ սխալ կամ ջնջում արգելված է, հակառակ դեպքում փոխտնօրենի կողմից նա արժանանում է նկատողության, որը գրանցվում է մատյանի վերջում նախատեսված դիտողությունների էջում: Ամեն մի ուսուցիչ, տնօրենության կողմից տրված շրջանցման թերթիկում ներկայացված կետերով, պետք է ավարտին հասցնի իր աշխատանքը, որից հետո անցնի ամառային հանգստի: Այդտեղ մատյանային գործերն են, աշակերտների անձնական փաստաթղթերը, լաբորատորիայի հետ կապված հարցեր, գրադարանից վերցրած կամ հանձնած գրքերի ցուցակներն են.... Վզկապներ կան նաև, որ դպրոցի կողմից հանձնված են աշակերտներին, ամբողջ ուստարին կրում են, հետո հավաքվում են դրանք դասղեկների կողմից:
Ընդհանրապես, դասամատյանը վարելու կարգը, բոլոր փաստաթղթային գործերը պետք է իմանա յուրաքանչյուր ուսուցիչ՝ պարտավորված լինելով ապահովելու դրանց խնամքը ամբողջ ուստարվա ընթացքում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 36769 անգամ