«Հայաստան 24»-ի եթերում կխոսենք կոռուպցիայի դեմ պայքարում փայ մտնել ցանկացողների մասին:
Նախօրեին խորհրդարանում իսկապես զավեշտալի դեպք տեղի ունեցավ:
Խորհրդարանը արտահերթ նիստում միաձայն որոշում ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելու մասին:
Այսինքն՝ կոռումպացված իշխանությունները և կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոցաշունչ ելույթներ ունեցողները որոշեցին համատեղ ուժերով պայքարել կոռուպցիայի դեմ: Ամենամեծ զավեշտը տվյալ դեպքում հետևյալն է:
Կոռուպցիան, ինչպես հայտնի է, հանցագործություն է: Ծանր հանցագործություն: Իսկ աշխարհի բոլոր երկրներում հանցավորության դեմ պայքարում են իրավապահները, և ոչ թե պատգամավորները:
Տեսականորեն Հայաստանում նույնպես պիտի այդպես լինի: Չէ՞ որ Հայաստանում նույնպես կան դատախազություն, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն և այլն:
Աստված տվել, չի խնայել, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող իրավապահների թվով Հայաստանն աշխարհում առաջիններից մեկն է:
Բայց՝ քաղաքական ուժերը որոշել են, որ իրենք նույնպես պիտի մասնակցեն այդ գործին, և ոչ թե հանցագործության որևէ այլ տեսակի:
Օրինակ, պատգամավորներին զոռով ստիպես՝ գրպանահատության կամ բնակարանային գողությունների դեմ պայքարող մարմին չեն ստեղծի: Շահագրգռվածություն չկա: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը շահութաբեր գործ է, և ընդդիմադիր ուժերն անպայման ուզում են իրենց մասնաբաժինն ունենալ: Ամբողջական՝ տեսագրությունում. Արմեն Բաղդասարյան
Նյութի աղբյուրը`Hayastan24.com
Այս նյութը դիտել են - 7754 անգամ