Կարեն Կարապետյանը և Ալեքսեյ Միլլերը ծանոթացել են ուսումնամարզական համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին
2017-06-16 10:11:00

Վարչապետ Կարեն Կարապետյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մեծ ծավալով:

Համալիրը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ, պարասրահ: Ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ:

Արդեն իսկ կատարվել են փակ սահադաշտի, մարզաառողջարարական համալիրի, դպրոցի և մանկապարտեզի շինմոնտաժային աշխատանքները: Նախագծի շինարարությունն ամբողջությամբ իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:

Այս նախագիծն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն:
Ալեքսեյ Միլլերը նշել է՝ որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն՝ «Գազպրոմ»-ը կարևորում է նման միջազգային ուսումնամարզական համալիրի կառուցումը Հայաստանում, որը հնարավորություն կտա երեխաներին ու պատանիներին զբաղվել տարբեր մարզաձևերով: Նա ընդգծել է, որ ապագայում ընկերությունը մեր երկրում նախատեսում է իրականացնել սոցիալական նոր ծրագրեր: 
 

Այս նյութը դիտել են - 12939 անգամ