Գեղարքունիքի մարզպետի հետ կոնֆլիկտի , Սևանի ճանապարհների ,Սահմանադրական բարեփոխումների և հազար ու մի բանի մասին…
Գեղամա լեռների գրկում ծվարած Սևան քաղաքը ունի իր հոգսերն ու խնդիրները:Սևան քաղաքի խնդիրների մասին զրուցեցինք Սևան քաղաքի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ:
-Բարև Ձեզ պարոն Ղուկասյան, շնորհակալություն հարցազրույցի առաջարկը չմերժելու համար :
Մեծ աղմուկ բարձրացրած Սևանի ճանապարհների ասֆալտապատումը ընթացքի մեջ է: Կասեք ի՞նչ փուլում է:
- Ավարտական փուլում է 2015 թվականի ճանապարհաշինությունը: Իհարկե, դա չի նշանակում, որ 2016 թվականին անելիքներ չկան: Բավականին լուրջ ծրագրեր ունենք, որոնք բյուջեում հաստատում կստանան և հետո կներկայացնեմ:
-Ասֆալտապատման հետ կապվա՞ծ:
-Այո: 2015 թվականին մենք կատարել ենք ճանապարհաշինական աշխատանքներ: Դա նշանակում է, որ փոխվել են ներքին ցանցերը եզրաքարերը, որոնք լուրջ կառուցողական աշխատանքներ են եղել: Սևան քաղաքում 2015թվականին կատարվել է 1մլրդ 280մլն դրամի ասֆալտապատում:
-Մամուլը մի քանի անգամ անդրադարձավ Ձեր և Գեղարքունիքի մարզպետի միջև կոնֆլիկտին: Որքանո՞վ են հավաստի այս լուրերը:
-Այնքանով էին հավաստի,որքանով այն ,որ իբրև իմ տղան «վաճառել» է մեքենան ՝ այն մեքենան, որով դիտավորյալ հիմա ես եմ երթևեկում: Գեղարքունիքի մարզպետի հետ էլ՝ ես ունեմ և՛ ընկերական և՛ գործնական հարաբերություններ:
-Ի՞նչ պետք է լինի,որ չկա Սևանում ՝ տուրիստական քաղաք ճանաչելու համար:
-Շատ բան, համապատասխան ենթակառույցներ : Ի՞նչ է նշանակում համապատասխան ենթակառույցներ` մեր ասած ճանապարհները , սրճարաններ, թատրոն ,կինո ,ժամանցի վայրեր:
-Իսկ դա ո՞վ պետք է անի:
-Դա պետք է անի տեղական ինքնակառավարման մարմինները ՝ պետության հետ միասին:
-Գավառ քաղաքն ունի թատրոն ,որը վերջերս վերանորոգվեց: Ինչո՞ւ Սևանը չունի թատրոն, ի՞նչ է սևանցին վատ հանդիսատես է:
- Մենք էլ ունենք թատրոն , որը գործում է մշակույթի պալատում: Ունենք նաև տիկնիկային թատրոն, իսկ տուրիստական քաղաքի կարգավիճակ ստանալու համար տեղական ինքնակառավարման մարմինը պետք է հայտ ներկայացնի, բայց, քանի որ, վերը թվարկված ենթակառույցները մենք չունենք, դեռ վաղ է դրա մասին խոսելը:
- Կտրուկ անցում կատարենք,մշակույթից քաղաքական դաշտ: Պարոն Ղուկասյան սահմանադրությանը «Այո», թե՞ «Ոչ»:
-Միանշանակ «ԱՅՈ»:
-Ինչո՞ւ: Ի՞նչ է տալիս նոր սահմանդրությունը:
-Օրինակ, որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, տալիս է իրավունք Սահմանադրական դատարան դիմելու, եթե հակասահմանադրական օրենքներ են ընդունվել տեղական ինքնակառավարման մարմնի նկատմամբ: Սևան քաղաքի նկատմամբ ունենք նման դեպք՝ Սևան քաղաքի վարչական տարածքում հողերը վարձակալության են տվել Ազգային պարկին, որը հակասահմանադրական է: Նոր սահմանադրության ընդունումից հետո ես կարող եմ մտնել Սահմանադրական դատարան , առաջ չունեինք այդ իրավունքը : Դատարանները անկախանում են, ի՞նչ է նշանակում դատարանները անկախ են դառնում: Հիմա, երբ դիմում ենք դատարան, ինչ-որ տեղից զանգ է գալիս և…
-Խնամի-ծանոթ-բարեկամը…. Իսկ հիմա ,որ անկախ դարձավ դատարանը, ի՞նչ է խնամի-ծանոթ-բարեկամը էլ չի գործելու:
-Գիտեք ինչ կա, դա արդեն մարդուց է կախված: Արդարադատության խորհուրդը կազմում է Ազգային ժողովի երեք-քառորդ մասով: Ազգային ժողովի ¾-ի մեջ է նաև ընդդիմությունը: Եթե բոլորը միասին պետք է չարաշահեն, ուրեմն թող չարաշահեն:
-Իսկ մենք որքանո՞վ ունենք ընդդիմություն:
-Դա արդեն պետք է ժողովրդին դիմել, ինքն է կազմում ընդդիմությունը:
-Ի՞նչ կմաղթեք մեր մեդիա դաշտին և ընթերցողին ,հատկապես՝ Լոս Անջելոսում բնակվող հայությանը:
-Առաջինը կցանկանայի, որ մամուլը դառնա լուրջ քննադատական, իսկ արդեն լուրջ քննադատությանը յուրաքանչյուրն էլ պետք է լուրջ մոտենա:
Լոսանջելեսահայությանն էլ կցանկանայի առաջին հերթին ընտանիքում անդորր, հաջողություններ: Մենք այդ մարդկանց նկատմամբ պատասխանատվություն ունենք: Պետք է այնպես անենք, որ այդ մարդիկ հայրենիք վերադառնան:
Հարցազրույցը` Ա. Մ. –ի