«Մամուլ»-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունենալու «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը: Սակայն նիստը մեկ ժամով հետաձգվել է: Հետաձգման պատճառներից մեկն այն է եղել, որ դատական կարգադրիչները փորձել են նորից խուզարկել պաշտպանների պայուսակները:
Պաշտպաններն, ի նշան բողոքի, բոյկոտել են և հրաժարվել մասնակցել դատական նիստին: «Մենք տարիներով այդքան դատավարությունների ենք մասնակցել, բայց նման նվաստացման չենք ենթարկվել։
Այն, որ մեզ ուզում են զննել, երբեք նման բան չէր եղել։ Ի՞նչ են ուզում սրանով ասել։ Ուզում են մեկ անգամ ևս ապացուցել, որ սրանք քաղաքական դատավարություննե՞ր են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մխիթար Ավետիսյանի և Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը` հավելելով, որ իրենք նիստերի դահլիճ մուտք կգործեն միայն այն ժամանակ, երբ դա առանց խուզարկելու կլինի։
Նշենք, որ դատական նիստը մեկնարկել էր առանց պաշտպանների մասնակցության: Սակայն դատավոր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել էր մեկ ժամով հետաձգել նիստը։