
Մեր զրույցն ուշանում էր. հասկացա, որ այդ մեծագույն կորստի մասին հնարավոր չէ բանավոր խոսել: Անհաշտ եմ աշխարհի հետ, ու այդ իսկ անհաշտությամբ առաջարկում եմ մեր դպրոցի երիտասարդ դասվար Հերմինե Անդրյանին՝ գրել իր հոգու ալեկոծության մասին՝ գիտակցելով, թե ինչպիսի դժվարությամբ է հաղթահարել անցած ուսումնական տարին՝ ունենալով սրտում մեծագույն կսկիծ: Նա գիտեր, որ պիտի արտաքուստ ժպտար, դեռահասի մոտ թաքցներ իր անսփոփ վիշտը, և այդ իսկ գիտակցությամբ՝ ամեն օր մտել էր դասարան...
Անզուսպ մի հեկեկոց խեղդում է ինձ, ու Հերմինեի տողերի շարվածքում սիրո և կարոտի քնքշանք եմ տեսնում, ով թախանձում է լուռ. «Ինձ երեխա էի զգում քո գրկում. կարոտում եմ... Քեզ փնտրում ու գտնում եմ մեր որդու մեջ... Միշտ մեզ հետ ես՝ մեր սրտի փոքրիկ տնակում: Կարոտում եմ անվերջ, տենչում քեզ, իմ միա՛կ, խեղդվում եմ քո կարոտից, անզորությունից... Հոգնել եմ անվերջ ձևացնելուց, թուլությունս թաքցնելուց, անսպառ արցունքներս զսպելուց... ու ժպիտների ներքո շարունակում եմ հպարտ քայլել: Դու ինձ սովորեցրիր՝ այդպես ապրել...»:

Անցած տարի Ուսուցչի մասնագիտական օրը բոլորիս համար սուգ դարձավ. կյանքից անժամանակ հեռացավ Արտաշես Գրիգորյանը: Մեր դպրոցի երկու շրջանավարտ անսահման մեծ սիրով ձևավորել էին մի հրաշալի ընտանիք: Նորածին երեխան նոր երջանկություն ավետեց այդ ընտանիքում, ովքեր ապրում էին իմ հարևանությամբ: Անհնար էր առավոտյան դասից ուշացող ուսուցչուհուն Արտաշեսը չհրավիրեր՝ նստելու իր մեքենան, ու ականատես էի դառնում աշխատանքի շտապող այս զույգի լռության մեջ քողարկված գեղեցիկ սիրուն, որ հասկացված ու ջերմ էր, փոխադարձ ու ազնիվ նվիրվածությամբ:
Հերմինեի տխրամած հոգու տվայտանքն եմ ընթերցում, որ ուղարկել էր ինձ: Ամուսնու կորստի հետ անհաշտ՝ մի ազնիվ ու մաքուր հոգի իր տառապալից խոհն է պարզում աշխարհին. «Միգուցե ծուռ է, միգուցե շիտակ, միգուցե ուղղակի թվու՞մ է ինձ, կամ գուցե հենց այնպիսին է, ինչպիսին կա՞... աշխարհը՝ ճիշտ ու սխալ։ Մենք ուղղակի ապրում ենք մեր հասցեով ուղարկված կյանքով: Մտածում եմ, փորձում հասկանալ ինձ հասցեագրված ամեն մի մանրուք, որ իրականում իմ աշխարհն է կազմում, դառնում իմ ճակատագիրը։ Ու ապրում եմ, գոյատևում իմ աշխարհով, ցավով, երազներով, ճակատագրով։ Բայց ճակատագիրը չէ, որ կառավարում կամ ապրեցնում է մեզ, կարծում եմ՝ ուղղակի մենք ինքներս ենք երևի թե արժանանում մեզ արժանիին: Հաճախ եմ բողոքում, չարանում, հուսալքվում, ատում, արհամարհում... Ինչու՞։ Որովհետև մենք ստեղծվել ենք սիրելու, արարելու, կյանք նվիրելու համար։ Ու այդպես է, որ կա... Սիրում եմ, սիրում անմնացորդ, գուցե անպատասխան կամ թաքուն և անիրական...
Արարում եմ, նվիրվում իմ գործին, տալիս ինչ կարող եմ՝ ակնկալելով միայն բարին, հաշվի չառնելով սրտումս ամուր բույն հյուսած ցավը, շրջապատի կարծիքները, մարդկանց խեթ հայացքները... Ամեն մեկս յուրովի ենք գնահատում մեր ապրած ու չապրած, մեզ հասանելիք կյանքի բաժինը, մինչդեռ կարևորը մարդ մնալն է։ Դժվարությունները մեզ համար են, նույնիսկ մահը. այն անասելի է։ Սակայն մարդն օժտված է մոխրից կայծ ստանալու, քարից հաց քամելու ունակությամբ։ Կորցրածը հիշելով, գնահատելով, մաքառելով, նոր իմաստներ փնտրելով՝ հպարտորեն առաջ եմ շարժվում՝ նվիրված այս ծուռ ու շիտակ աշխարհին»:
Տխուր եմ և իմ մտորումներով՝ Հերմինեի հետ....Անձնական ցավը հաղթահարելու կամք ունի նա, բայց մշտամնա մի տառապանք իր հոգում՝ ամուսնու հետ կապված հիշողություններով, միշտ նրա հետ է...Եվ նրա ապրելու, արարելու համար լույսի մի ուրախության հովիտ եմ տեսնում՝ հարազատների ջերմությամբ ու բոլորիս հոգածությամբ շրջապատված մի համայնապատկեր, և շուրջբոլորը թևածող թախծոտ ժպիտների մեջ այն փոքրիկ բալիկի զրնգուն ծիծաղն է կարկաչում:
Նատաշա Պողոսյան