Ամեն անգամ վեհանում է Ուսուցիչը, երբ զրուցում եմ նրանց հետ2017-06-23 14:09:00
Դպրոցականների ամառային արձակուրդի օրերին ամեն օր զրուցում եմ դպրոց հաճախող ուսուցիչների հետ: Յուրաքանչյուրը յուրովի բացահայտում է իր աշխարհը, որտեղ նաև անձնական ապրումներ կան, որ ներդաշնակվում են իրենց ուղղված հարցերին: Ես ինքս էլ նորովի եմ բացահայտվում նրանց համար, որ ձգտում կա իմ մեջ՝ հայտնաբերել նրանց նույնպես նորովի և ի տես դարձնել բոլորին նույնքան անձնական ու անանձնական ապրումների մեջ:
Իմ գրիչը շարժվում է կամաց, երբեմն հանդարտ, գուցե և հուզված, որտեղ կերպարներ են վեհանում, ու ամենօրյա իմ գրառումներով ամբողջանում է Ուսուցիչը, Մարդ, ում սիրում եմ իր իսկ էությամբ, ապրած իր գիտակցական կյանքով, մաքառումներին դիմակայելու կամքով, հաստատակամությամբ, ազնիվ նվիրումով...
Մարդկային կյանքը զերծ չէ կործանարար դեպքերից, աղետներից ու պատերազմներից, որ գալիս են ի տես բոլորի, աղաղակում իրենց մասին...Բայց Ուսուցիչը... Մտամոլոր է նա, ու պիտի կարողանա զսպել, դեռահասը մեղավոր չէ, որ այդ աղետը նրա տունն է մտել...Ուսուցիչը վեհանում է իմ աչքին այդ զրույցների ժամանակ, երբ տեսնում եմ նրան աչքերի արցունքները սրբելիս, որ հանկարծ աշակերտները չտեսնեն իր հոգու կսկիծը, երբ հաճախ նրան հյուր է գալիս անգամ դասերին:
Լրջանում եմ, երբեմն հուզվում այդ զրույցների ժամանակ և ամեն օր նուրբ ու մտերմիկ մի նոր հարաբերություն եմ հայտնաբերում, որ ծնվում են... Եվ գրի եմ առնում սիրով, գեղեցիկը տեսնելու հակումով, լավագույնը տեսանելի դարձնելու մղումով: Ամեն մեկը յուրովի ներկայացնում է իր տեսակետը՝ մանկավարժության, նորօրյա աշակերտության ուսուցման և դաստիարակության դժվարությունների մասին, բայց բոլորի մոտ նույնանում է միտքը, որ սիրում են իրենց մասնագիտությունը, այն կրթօջախը, որտեղ դասավանդում են, բոլոր նրանց, ում կողքի աշխատում են... Նրանց խոսքում տեսանելի են դառնում աշակերտների և նրանց ծնողների հետ նոր հարաբերություններ, դեռահասների մերօրյա կերպարներ, ուսուցիչների անցած ուղին, նրանց մանկավարժական փորձը, որ ուսանելի է, ընդօրինակման արժանի:
Այս հողին ամուր կառչած մտավորականների կերպարներ են ամբողջանում, ովքեր իրենց կյանքն ուրիշ տեղ չեն պատկերացնում, այնպես, ինչպես ապրիլին, որ պատերազմից հետո օրերով տարհանվածներ դարձանք, բայց վերադարձանք Մարտակերտ՝ մեր բնակավայրի, հարազատ օջախի հանդեպ հայրենաբաղձության մի նոր կարոտով, հաստատակամ, որ ուրիշ տեղ չենք կարող ապրել:
Ուսուցիչը պետք է մնա իր բարձրության վրա, այդ իսկ ընկալումով ուզում եմ շրջապատում, հասարակության մեջ տեսնել Ուսուցչին, դարերի խորքից եկած լույսի ջահակիրներին, պատկառանք ու ակնածանք ունենալ բոլոր նրանց հանդեպ, ովքեր տքնաջան աշխատում են, մնում հասունացող սերնդի բյուրավոր հոգիներում: Եվ եթե մանկավարժիս հարց ուղղվի, թե ովքեր են այսօրվա ուսուցիչները, ապա ուրիշ ոչ մի միտք չեմ կարող առաջ քաշել ու դնել Սևակի՝ Ուսուցչին լավագույնս բնութագրող տողերի կողքին. «Թեկուզ ծանր կարիքի մեջ ու զրկանքում, ընդունում են ու տանում են ամեն հարված, բայց մնում են էլի կյանքին սիրահարված»:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 36361 անգամ