Հիշեցնենք, անցած տարի, երբ «Սասնա ծռեր»-ի անդամները գրավեցինՊարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) տարածքը, այն ժամանակ Գևորգ Կոստանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ խմբի անդամները կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե վայր դնեն զենքը և հանձնվեն:
Նկատենք՝ այդօրինակ բովանդակությամբ հայտարարություն նաև Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) էր տարածել:
Թե ինչո՞ւ Քրեական օրենսգրքի խրախուսական հոդվածները չտարածվեցին իրավապահներին հանձնված «Սանա ծռեր»-ի անդամների վրա՝ Գևորգ Կոստանյանը շեշտեց, թե այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ՝ արդյո՞ք այլ հանցակազմ նրանց քայլերում չի եղել։
«Ես մեջբերել եմ Քրեական օրենսգրքի այս պահին գործող և այն ժամանակ գործող, և հիմա կարող եք ինքներդ բացել Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածները, որտեղ հստակ սահմանված է այն ամենը, որը բառացիորեն ես մեջբերել եմ եթերում։ Խոսքը հետևյալի մասին է, որ եթե հանցագործություն կատարած անձինք, եթե նրանց արարքներն այլ հանցակազմ չեն պարունակում, ապա այդ շենքեր-շինություններ ազատելու կամ պատանդներին ազատելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվում», - «Ազատություն» հետ զրույցում ասաց Կոստանյանը՝ շարունակելով. - «Հիմա տեսեք՝ հիպոթետիկ պատկերացնում ենք, որ ինչ-որ խումբ գրավում է ինչ-որ շենք, վերցնում է պատանդներ, ընդունենք, այդ պատանդների նկատմամբ ծանր վնասվածքներ են կիրառվում, խոշտանգումներ են կիրառվում պատանդ գտնվելու ժամանակահատվածում, հետո պատանդին բաց են թողնում...»։
Դիտարկմանը, թե այս դեպքում խոշտանգման դեպքեր չկան, իսկ սպանություններիգործով երկու անձ է մեղադրվում, և հարցին, թե ինչո՞ւ այդ խրախուսական հոդվածը մյուսների վրա չտարածվեց, Կոստանյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այդ հարցը փաստաբանները պետք է բարձրացնեն, թե ինչո՞ւ։ Եթե իրենք գտնում են, որ այդ անձանց արարքներում այլ հանցակազմի տարրեր չկան, ինչո՞ւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումն այդ մասով չի դադարեցվում։ Ես սրա մասին չեմ կարող գնահատական տալ»։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածը, որը վերաբերում է պատանդ վերցնելուն, ունի խրախուսական կետ, մասնավորապես, «պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նույն խրախուսական դրույթը կա նաև 219-րդ հոդվածում՝ շենքեր, շինություններ, կապի միջոցներ զավթելու դեպքում, մասնավորապես, «իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»։
Թե ինչո՞ւ այս խրախուսական հոդվածները չեն տարածվել «Սասնա ծռեր»-ի անդամների վրա, Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը ասաց, թե խմբի 3 տասնյակից ավելի անդամները մեղադրվում են տարբեր հոդվածներով: Մասնավորապես, այն անձինք, ովքեր հուլիսի 30-ին զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին, օրինակ, Վարուժան Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Արայիկ Խանդոյանը և այլոք, նրանք չեն մեղադրվում շենք-շինություններ գրավելու մեջ: Փոխարենը՝ նրանց առաջադրվել է պատանդ պահելու հոդվածը: Նախաքննական մարմինը պնդել է, թե պատանդ պահված բժիշկներին, խմբի անդամներն ինքնակամ ազատ չեն արձակել: Մինչդեռ փաստաբանը հակադարձում է՝ նրանք ազատ շրջել են գնդի տարածքում, անգամ հեծանիվ են քշել:
«Վարույթն իրականացնող նախաքննական մարմինը մեղադրանքի ֆաբուլայում նշում է, որ նրանք կամովին չեն ազատել, այլ բժիշկները՝ Սալվադոր Խեչոյանը, Մալինա Հակոբյանը և Նորայրն իրենք են դուրս եկել՝ իրենց հաջողվել է դուրս գալ, բայց քրեական գործի նյութերն այլ փաստական տվյալների մասին են խոսում, այսինքն՝ այստեղ պետք է գործեին այդ նորմերը՝ 218 հոդվածի և նման մեղադրանք չառաջադրվեր։ Նախ՝ սկսենք նրանից, որ նրանք պատանդ պահելու խնդիր չեն ունեցել, ընդամենն այնտեղ բուժօգնություն տրամադրելու խնդիր է եղել, որովհետև եղել են վիրավորներ ՊՊԾ գնդի տարածքում, ինչպես բժիշկներն են նշում, ուղղակի այդ օրն իրենց հերթապահություն ավելի երկար է տևել, իրենք այնտեղ ընդամենը հերթապահել են։ Իրենք ազատ շփվել են, նույնիսկ այնտեղ բժիշկներից մեկը հեծանիվ է քշել, շրջել է այդ տարածքում», - ասաց Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է խմբի մյուս անդամներին՝ Պավել Մանուկյանին, նրա որդուն՝ Արամ Մանուկյանին, Արմեն Լամբարյանին և այլոց՝ թվով 7 հոգի, ովքեր մինչև խմբի հանձնվելը հրազենային տարբեր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց, նրանք ընդհակառակը՝ մեղադրվում են շենք-շինություններ գրավելու հոդվածով:
Ինեսա Պետրոսյանի համոզմամբ, այս դեպքում էլ որևէ տրամաբանություն չկա, քանի որ որևէ մեկը չի կարող ասել, թե նրանք չէին հանձնվելու:
Այսպիսով, թեև ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին իշխանության ներկայացուցիչները հորդորում էին «Սասնա ծռեր»-ին հանձնվել՝ խոստանալով նրանց քրեական պատասխանատվության չենթարկել, սակայն, խմբի անդամներին ներկայացվել են այնպիսի մեղադրանքներ, որոնք թույլ չեն տալիս կիրառել խրախուսական դրույթները։ Եվ, անգամ, եթե անգամ այդ դրույթները կիրառվեին, միևնույն է ներկայացվել է այնպիսի մի մեղադրանք՝ զենքի հափշտակում, որը խրախուսական դրույթ չունի: Ստացվում է, որ «Սասնա ծռեր»-ը միևնույն է քրեական հետապնդման ենթարկվելու էին։
Մինչդեռ փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշում է, որ այն անձինք, ովքեր չեն մեղադրվում 3 ոստիկանի սպանության մեջ, նրանք այսօր պետք է ազատության մեջ լինեին՝ օգտվելով Քրեական օրենսգրքի ընձեռած հնարավորություններից։ Սակայն, նրա խոսքով, ստացվեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամներին պարզապես մոլորության մեջ գցեցին: