Լրջորեն մոտենանք դեռահասների մասնագիտության ընտրությանը2017-06-26 10:03:00
Դպրոցականների ամառային արձակուրդի օրեր են: Դպրոց հաճախող ուսուցչուհուս այսօրվա թեման դեռահասների մասնագիտության ընտրության հարցն է, որ պետք է ընտրություն կատարել վաղ հասակից, մի բան, որ մեզ մոտ ամրագրված մշակույթ չի դառնում:
Դպրոցում սովորելու տարիներին ինձ համար դասամատյանը ձեռքին ուսուցչուհին ամենաընդունված մարդն էր: Երազում էի մատյան վերցնել, ու մատենավարության սիրուց ծնվեց մանկավարժի աշխատանքի հանդեպ ակնածանքը, իսկ առարկայի հանդեպ մեծագույն սիրո պոռթկումը հինգերորդ դասարանում «Գիքորն» էր, որ արցունք քամեց աչքերիցս, և ընտրվեց այդ օրվանից առարկան ու իմ մասնագիտությունը:
Նոր օրերում երբեմն մասնագիտության ընտրությունը մնում է ծնողի հայեցողությանը, թե ինչ կարելի է ընտրել, որ հետագայում ապրելու լավագույն միջոց լինի, գումար վաստակելու աղբյուր դառնա: Հիշում եմ անցած տարիներից մի դեպք: Երրորդ տարին էի ընդունվել բուհ... Որ վերջապես ընդունվել եմ, շրջապատում մեծ ուրախությամբ ընդունվեց, բայց գրադարան մտա, այնտեղ աշխատող կինը թերահավատորեն ինձ նայեց. «Դու ճիշտ ընտրություն չես կատարել, մարդ պետք է շերեփին մոտիկ մասնագիտություն ընտրի, որ հետագայում կարողանա ապրի»:
Անակնկալը մեծ էր, որ այդ խոսքը լսեցի մտավորականից, ով բազմաթիվ գրքեր էր ընթերցել, բայց նաև հասկացա, որ հնարավոր է՝ Նար-Դոսի «Նեղ օրերից մեկն» է հիշել, և այդ իսկ հիշողությամբ, գուցե և իր սուղ ապրելակերպով չի ուզում, որ մտավորականը Պատրիկյանի նման անապահով կյանքով ապրի:
Մեր օրերում բոլորն էլ դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ են գնում՝ համոզված, որ ընդունելության համար դռները բաց են: Յուրաքանչյուր ավագ դասարանի լավ սովորող աշակերտ ինքն է նախապատվությունը տալիս այս կամ այն մասնագիտության ընտրությանը, իսկ ամենաթույլ սովորողն ուղղորդվում է ծնողի խորհրդով:
Երբեմն ստիպում են դեռահասին ընտրել մի բան, որն իրենը չէ: Ծնողները պետք է հաշվի առնեն իրենց երեխայի անհատականությունն ու կարծիքը, որ շատ դեպքերում անտեսվում է: Զարմանալի չէր, որ իմ հարցումին, թե դպրոցում չսովորող, թույլ կարողությունների տեր աշակերտն այդ ո՞ր մի բուհում կընդունվի, հաստատակամորեն արձագանքեցին, որ մայրը կորոշի, թե իր երեխան ո՛ր բուհում ինչ մասնագիտություն ընտրի: Նույնքան զարմանալի չէր արդեն, որ մասնագիտության ընտրությունը բարվոք ապագայի հեռանկարներ ուներ:
Դեռահասը տեղեկացվում է, որ Արցախում այդ մասնագիտության պահանջարկը չկա, հետևաբար ավարտելուց հետո աշխատանք չի ունենա: Նա հաստատակամ է, այդ մասնագիտությունն է ընտրել, բայց նաև կա հետաքրքիր հարց՝ եթե պահանջարկ չկա, ապա ինչու՞ այդ մասնագիտությամբ բուհի ընդունելություն է նախատեսված:
Սա ցավոտ խնդիր է, երեխաների հետ պետք է կատարել համապատասխան նախապատրաստական աշխատանք՝ նույնիսկ վաղ հասակից ընդգրկելով նրանց մասնագիտության ընտրության հարցերում: Դեռահասների մասնագիտության ընտրությունը պետք է պայմանավորված լինի նրանց ընդունակություններով ու հետաքրքրություններով, լինի նպատակային և խելամիտ, նա պետք է ծանոթանա մասնագիտություններին, դրանց ներկայացրած պահանջներին և տվյալ երկրում առկա պահանջարկին:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 36795 անգամ