« Հետք »-ը գրում է.
Երևանում կառուցվող ռուսական եկեղեցու ներսում որմնանկարներ անող նկարիչների խումբն արդեն 7 ամիս է՝ չի կարողանում ստանալ իր կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը:
Նրանցից Արմեն Անտոնյանը «Հետք»-ին պատմեց, որ անցյալ տարի 8 հոգանոց նկարիչների խմբով աշխատել են Իսակովի պողոտայում կառուցվող Սուրբ Խաչ ռուս ուղղափառ եկեղեցում՝ որմնանկարներով նկարազարդել այն: Աշխատանքները 2016 թվականի դեկտեմբերին ավարտել են, սակայն ստացել են իրենց կատարած աշխատանքի 50 տոկոսից պակաս վարձատրություն:
Արմեն Անտոնյանը
Դրանից հետո եկեղեցու համար պատասխանատու անձինք մշտապես խոստումներով ձգձգել են վարձատրությունը, և արդեն 7-րդ ամիսն է՝ նկարիչները սպասում են խոստացված գումարներին:
Արմենի խոսքով՝ նկարիչների իրենց խմբին 1 մլն ռուբլի (17 հազար դոլարի սահմաններում) վարձատրություն դեռ պետք է տան:
Կարեն Փարսյանը՝ եկեղեցում
Եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով: Նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Սերյոժա Աբրահամյանն էլ վերահսկել է շինարարական աշխատանքները: Աբրահամյանների «Սոգլասիյե-Արմենիա» ՍՊԸ-ն էլ իրականացրել է եկեղեցու շինարարությունը: 2015թ. ապրիլին օծվել են եկեղեցու զանգերն ու խաչերը:
Ռուս ուղղափառ եկեղեցու արտասահմանյան հաստատությունների վարչության մոսկովյան պատրիարքարանի կողմից 2016թ. հուլիսի 13-ի նամակով հաստատվել է «Мастерская преображение плюс» ՍՊԸ-ի՝ եկեղեցու ներսում որմնանկարներ իրականացնելու նախագիծը: «Мастерская преображение плюс» ՍՊԸ-ն գրանցված է Յարոսլավլում՝ 2015 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ հաստատման օրվանից ընդամենը 10 ամիս առաջ: Սեփականատերը և տնօրենը, համաձայն ՌԴ ընկերությունների գրանցամատյանի տվյալների, հայազգի Միքայել Կարենի Փարսյանն է:
Արմեն Անտոնյանն ասում է, որ աշխատանքների վերաբերյալ իրենց հետ զրուցել է հայրը՝ Կարեն Փարսյանը, նա էլ վերջին անգամ փոխանցել է վարձատրության մի մասը: Այժմ Կարեն Փարսյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: «Հետքը» ևս փորձեց կապ հաստատել Կարենի հետ, սակայն մեր զանգերին նա նույնպես չպատասխանեց:
Սերյոժա Աբրահամյանը բջջային հեռախոսազանգերին չպատասխանեց ոչ երեկ, ոչ էլ այսօր: «Սոգլասիյե-Արմենիա»-ի գլխավոր հաշվապահ Սառա ներկայացող անձը, հարցը լսելուց հետո, միանգամից ասաց, որ իրենք նկարիչների հետ աշխատանքային պայմանագիր չունեն: «Եվ լրագրողը նման բաներով իրավունք չունի զբաղվի,- խոսքը շարունակեց գլխավոր հաշվապահը,- էդ մեր հետ կապված չի: Դա պատվիրել են այլ երկրից, նրանք աշխատել են ուրիշ կազմակերպության հետ: Նրանք մեր հետ ընդհանրապես կապ չունեն»:
-Շինարարական աշխատանքները դուք չե՞ք իրականացրել:
-Այո, բայց նրանք կատարել են ուրիշ կազմակերպության պատվերը:
-Այդ ուրիշ կազմակերպությունը ձեր ընկերության հետ կապ չունի՞:
-Մենք պատվիրել ենք էդ գործը, եկել են նկարել են: Թե ոնց են նկարել, դա արդեն այլ կազմակերպության խնդիրն է:
-Դուք չե՞ք պատվիրատուն:
-Ես պատվիրել եմ, որ նկարեն, ես ձեր Հակոբի, մյուսի, մյուսի հետ ընդհանրապես պայմանագիր չունեմ և կապ էլ չունեմ: Դուք ոնց որ լինեք 6-րդ բաժնի հարցաքննության բաժին: Ախր լրագրողը պետք ա ունենա իրա կոմպետենտությունը, իր անելիքների շրջանակները: Ոնց որ հարցաքննություն վարեք:
Հաշվապահ Սառան այդուհետ հրաժարվեց մեզ հետ զրուցելուց և անջատեց հեռախոսը:
Գլխավոր հաշվապահի զրույցից պարզ էր, որ նկարազարդման աշխատանքների պատվիրատուն իրենք են, սակայն իրականացրել է վերը նշված «Мастерская преображение плюс» ՍՊԸ-ն, որն էլ ընդհատակ է անցել՝ նկարիչներին թողնելով առանց վարձատրության:
Այս նյութը դիտել են - 9327 անգամ