Անցյալ կիրակի՝ հունվարի 17-ին, Փասատինայի 3 հազար տեղանոց «Սիվիք» հանդիսասրահը փոքր եղավ ՀՅԴ 125-րդ տարեդարձին մասնակցելու ցանկություն ունեցող բազմության համար:
Ինչպես տեղեկացնում է «Ասբարեզ»-ը՝ հանդիսությունն սկսվեց Կարինե Ավագյանի «Ախ Հայաստան» մեներգով, որին հաջորդեց ՀՄԸՄ-ի դրոշակախմբի մուտքը սրահ՝ նվագախմբի ուղեկցությամբ:
Հայաստանի ու ԱՄՆ-ի օրհներգները կատարեցին «Լարք» երաժշտական միության սաները, իսկ ՀՅԴ-ինը՝ ՀԵԴ պատանեկան միության «Մշակ Բանվորը» երգչախմբը:
Բացման խոսքով հանդես եկավ Միկանուշ Աճեմյանը, իսկ երիտասարդության խոսքը փոխանցեց ՀԵԴ Կեդրոնական վարչութեան ատենապետ Գև Իսքաճյանը:
Օրվա պատգամները փոխանցեցին ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ դոկտ. Վիգեն Հովսեփյանն ու օրվա գլխավոր բանախոսը՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ-ի մասին՝ իրենց տեսագրված վկայությունները ցուցադրեցին համայնքի հոգևոր և Ազգային գործիչները, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը:
Հանդիսությանը ելույթով հանդես եկավ նաև երգիչ Հարութ Փամբուքչյանը, ում՝ «Հեռացած ընկերներ» երգի ներքո ցուցադրվեց Արևմտյան Միացեալ Նահանգների ՀՅԴ կազմակերպության՝ վերջին շրջանում մահացած անդամների մասին պատմող տեսահոլովակը:
Ներկայացվեցին նաև ՀՅԴ-ի զինանշանը բացատրող երեք տեսահոլովակներ:
Միջոցառմանն իրենց կատարումներով հանդես եկան Համազգայինի «Անի» պարախումբը՝ ղեկավարությամբ պարուսույցներ Եղիա Հաշոլյան և Սյուզի Բարսեղյան-Դարբինյան, Փայլա Գևորգյանը՝ «Պատիվ ունեմ» երգով, Արմեն Մովսիսյանը՝ «Հուսո Առագաստ» երգով, Անդրեն՝ «Արցախի Յարխուշտա»-ով, Թաթա Սիմոնյանը «Սարգիս Կուկունյան» երգով, Քրիստափոր Արապյանը՝ հեղափոխական երգերով, իսկ Ազգային «Ալեք Փիլիպոս» վարժարանի աշակերտական երգչախումբը՝ մի շարք հայրենասիրական երգերով:
Հանդիսությանն ավարտվեց «Արյունոտ դրոշ» երգով, որը հնչեց «Փիլիպոս»-ի աշակերտական երգչախմբի կատարմամբ, որը հանդիսականն ուկնդրեց ոտնկայս:
Այս նյութը դիտել են - 1443 անգամ