«Սասնա ծռեր»-ի անդամին ծեծելու համար փաստաբանը դիմեց դատախազություն (տեսանյութ) A1plus
2017-06-29 16:53:00

«a1plus.am»-ը գրում է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու փաստով փաստաբան Արա Ղարագյոզյանը Դատախազություն հաղորդում ներկայացրեց։Հիշեցնենք, երեկ Ավանի դատարանում ոստիկանները ծեծել են Արայիկ Խանդոյանին, Մխիթար Ավետիսյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին, Գագիկ Եղիազարյանին։ Վերջիններս, փաստաբանների հաղորդմամբ, մարմնի տարբեր մասերին վնասվածքներ են ստացել։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը Գլխավոր Դատախազությունից պահանջում է բռնություն կիրառած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկել և գործը չուղարկել Հատուկ Քննչական ծառայություն, քանի որ «Սասնա ծռեր»-ի գործերը քննել է հենց Հատուկ Քննչական ծառայությունը։ Մեջբերենք Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված տեքստից մեկ հատված։

«Հարգելի գլխավոր դատախազ, փորձ չանեք որևէ մեկին մոլորեցնել նախաքննության գաղտնիք եզրույթով։ Հանրությանը, Արայիկ Խանդոյանին, նրա պաշտպաններին տրամադրեք քննության ընթացքի, ոստիկանության համազգեստ զբաղեցրած անձանց կողմից կատարած բռնի գործողություն կատարելու մասին։ Մեր պահանջներից որևէ մեկը չկատարելը հաստատում է, այն համոզմունքը, որ Հայաստանի իշխանությունը զավթած է, իսկ նրանց իրավունքների սահմանափակումը անթույլատրելի է, քանի որ Արայիկ Խանդոյանը ենթարկվել է դաժան վերաբերմունքի»։

Արա Ղարագյոզյանը հույս չունի, որ Գլխավոր դատախազությունը ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու գործուն քայլերի կդիմի, քանի որ այդ մարմինը «Սասնա ծռեր»-ի մասին արդեն իսկ տեսակետ հայտնել է. «Սա պարզապես ընթացակարգ է, որը պետք է սպառել և մենք խոշտանգման հիմքով դիմելու ենք Եվրոպական դատարան»,- հավելեց փաստաբանը։

Այս նյութը դիտել են - 10903 անգամ