Պաշտոնապես հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը հերյուրանք է: Իրականում, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար, խմբի որոշ անդամներ դուրս են բերվել դատական նիստերի դահլիճից: Դուրս բերվելուց հետո, նրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցաբերել են ակտիվ անհնազանդություն, անձնապես վիրավորել վերջիններիս: Անհնազանդությունը խափանելու նպատակով հիշյալ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ:
Արձագանքելով կիրառված ուժին, ամբաստանյալներից ոմանք իրենց դժգոհությունն արտահայտել են խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելով: Իրենց իսկ հարվածների կամ ոստիկանության կիրառած ուժի արդյունքում՝ հնարավոր է առաջանային քերծվածքներ: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը հաստատվել է իրականացված նախնական ստուգմամբ:
Ապատեղեկատվության տարածումը հետապնդում է դատական նիստերի ընթացքում արհեստական լարվածություն առաջացնելու, ոստիկանության ծառայողների ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություններ սադրելու և արդարադատության իրականացումը ձախողելու նպատակ: Այս իրողությունը ամբողջությամբ տեղավորվում է մինչ այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամների նախընտրած անհեռանկար գործելաոճի տրամաբանության մեջ:
ՀՀ ոստիկանությունը գործընթացի ողջ լրջությունը գնահատում է հավուր պատշաճի, ի զորու է ամբողջապես կանխել իրադրության ցանկացած սրացում՝ չենթարկվելով որևէ սադրանքի: Քաղաքացիների իրավունքները և հասարակական անվտանգությունն ապահովելու են լրիվ ծավալով՝ օրենքին համապատասխան կտրուկ ու համաչափ գործողություններ ձեռնարկելով:
Կոչ ենք անում. դատաքննության ողջ ընթացքում ի շահ արդարադատության և մեր հասարակության ընդհանուր բարօրության՝ դրսևորել զգոնություն, իրողությունները ներկայացնել զուսպ և հավասարակշռված՝ տուրք չտալով ավելորդ հուզականությանը:
ՀՀ Ոստիկանություն
Այս նյութը դիտել են - 16435 անգամ