«Ես ունեմ լրացուցիչ տեղեկություններ, որ իրապես «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ բռնությունը կատարվել է դատարանի նկուղային հարկի սենյակներում», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով, որ բռնությունն իրականացվել է ոստիկանության մեծ խմբի կողմից։
«Մեծ թիվ են ասում՝ ընդհուպ 30, 40, 50 հոգի, բայց կարևորն այն է, որ շատ մեծ թիվ է եղել և նաև բավական բարձրաստիճան ոստիկաններ են եղել՝ մայոր, գնդապետ, փոխգնդապետ», - ասաց Սաքունցը՝ շարունակելով. - «Մինչ հիմա մենք փաստեր գիտեինք և պնդում էինք, որ մարդկանց նկատմամբ բռնություններ են իրականացվում ոստիկանության բաժիններում ոստիկանության կողմից, բռնություններ կատարվում էին քրեակատարողական հիմնարկներում ՔԿՀ աշխատակիցների կողմից, բայց երեկ, փաստորեն, Հայաստանի Հանրապետության դատարանում բռնություն իրականացվեց ոստիկանների կողմից։
Այսինքն՝ երեկ Ավան և Նոր-Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբողջովին զավթվել էր իշխանության կողմից, չկար դատավոր, դատական իշխանությունը վերացվել էր։ Տեր ու տնօրենը դատարանում երկար ժամանակ ոստիկանության ուժերն էին, որոնք այդտեղ չպետք է գտնվեին։ Դատախազը բացարձակապես մի կողմ էր գցվել, և ոստիկանության բեսպրեդել ասվածն իր ամբողջ «հմայքով» երևաց»։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանն ու Արայիկ Պապիկյանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ իրենց պաշտպանյալը երեկ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում ենթարկվել է խոշտանգման և ծեծի:
Երեկ ուշ երեկոյան Ղարագյոզյանը, վկայակոչելով Արայիկ Խանդոյանին, «Ազատության»-ը փոխանցել էր, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նաև Արեգ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին: