Հայաստանի և Օմանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
2017-07-10 02:21:00

Հուլիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Յուսուֆ Բեն Ալաուի Բեն Աբդալլահը նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի և Օմանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հաստատվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված միջպետական հարաբերություններ, որոնք լավագույն հիմքն են հանդիսանում հայ-օմանական փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման և խորացման համար:

Նախարարը համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հարստացնել հայ-օմանական օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր նախաձեռնություններով և ծրագրերով, որոնք կծառայեն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների համընդհանուր շահերին:

Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարն իր ուղերձում, մասնավորապես, ընդգծում է, որ երկու երկրներն իրար կապող բացառիկ հարաբերություններն առաջնորդվում են երկու պետությունների ղեկավարությունների հաստատած ուղենիշով:

Յուսուֆ Բեն Ալաուի Բեն Աբդալլահը, ողջունելով երկկողմ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակը, վերահաստատում է Օմանի պատրաստակամությունը համատեղ աշխատելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորներում՝ այդ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով, ինչը կծառայի մեր ձգտումներին և երկու ժողովուրդների ընդհանուր շահերին:

Այս նյութը դիտել են - 14392 անգամ