Աշոտյանը «սուիցիդալ» հակումներ է դրսևորում
2017-07-25 11:56:00

Արմեն Աշոտյանի` Հայաստանի քաղաքական վերնախավում հայտնվելը նույնքան անհասկանալի ու միանգամայն անհիմն ստացվեց, որքան այն գործառույթը,որ նրա ուսերին դրեց հարազատ կուսակցությունը հենց սկզբից: 
Կա ենթադրություն,որ իշխանություններն, Աշոտյանին ու նրա նմաններին բուծելով, փորձում են սահուն սերնդափոխության համար կոնկրետ հիմքեր ստեղծել,որ երբ գա ժամանակն ու հների ժամն ավարտվի,նորերը լինեն կանխատեսելի ու վերահսկելի`զերծ ավելորդ արկածախնդրություններից:
Հարցի սրությունը , սակայն , թե դիցուք Աշոտյանը որքանով կարող է այդ նպատակներին ծառայեցվել կամ համապատասխանել այն դերին , որը նա խաղում է հիմա , ոչ մի կերպ չի վերանում: Ընտրություններից հետո կարծես Աշոտյանը կրկին առաջին պլան է մղվել ու հիմա էլ հանդիսանում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Պարզվում է`սույն նախագահը մտադրվել է Հայաստանում ոտնձգություն կատարել խոսքի ազատության դեմ:
Աշոտյանը ՀՌ ազգային հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել համացանցը վերահսկելու մասին:
Կարճ ասած` «մեծարգո» նախագահ Աշոտյանը որոշել է աննկուն պայքար տանել սոցիալական ցանցերում առկա խոսքի ազատության դեմ: Նրան էլ կարելի է հասկանալ, բացասական տեսանկյունից ամենաշատ արծարծվող ՀՀԿ-ականը հենց ինքն է: Եթե կուզեք` Աշոտյանն այդ իմաստով բացարձակ ռեկորդակիր է ու սոցիալական ցանցերի «սիրելին»:
Այստեղ, սակայն, մեկ այլ հարց կա` ո՞վ է իրականում փորձում վերահսկել համացանցը,Աշոտյա՞նը, իսկ ինչո՞ւ հանկարծ հենց նա որոշեց համացանց վերահսկել մի պարագայում,երբ ասենք ֆեյսբուքյան տխրահռչակ ֆեյքերի պապաներից մեկն էլ ինքն է`իր սանիկի հետ միասին:
Ասենք ո՞ւր էր Աշոտյանն այն ժամանակ,երբ դիցուք ոստիկանական ֆեյքերը մարդկանց ու մարդկայնության դեմ հանցնանքներ էին գործում նույն ֆեյսբուքում: Ոստիկանական ֆեյքերը, որոնց գոյության միակ իմաստը մարդկանց ահաբեկելու, կեղծիքներ տարածելու ու դատարկ պրոպագանդայով զբաղվելու մեջ է կայանում, ներշնչվել ու ծագել են հենց Աշոտյան Արմենից:
Նա է ֆեյքերի հայրիկներից մեկը Հայաստանում, գլխավորողը մի բացասական համացանցային տենդենցի,որի ձեռքը,փաստորեն,այժմ ինքն է ընկել կրակը:Կարելի է ասել`Աշոտյանի զենքը շուռ է եկել հենց իր դեմ,ու մարդը հիմա էլ որոշել է խեղդել այն պտուղը,որի ծնողն է ինքը: Իսկ միգուցե առհասարակ չարժեր ֆեյքերի ներշնչման աղբյուր դառնալ, ասենք ժամանակին սեփական անմիտ քայլերով մեջտեղ չբերել այնպիսի երևույթների,որոնք բացի շրջապատին վնաս տալուց,այլ բանի ուղղակի ընդունակ չեն:
Այսօր Աշոտյանի երեսից է նաև,որ ոստիկանական համակարգը դարձել է մի մեծ ֆեյքանոց:
Ամեն մի ոստիկան մի 10 ֆեյք ունի, էդ 10 ֆեյքն էլ մարդա մի 100 ֆեյք:
Մի խոսքով` ոչ թե ոստիկանություն, այլ` ֆեյքերի իսկական ֆերմա, որի`հանրությանն օգտակար գործողության գործակիցը զրոյական է:
Այնպես  որ` խորհուրդ ընկեր Աշոտյանին` եթե ցանկանում եք համացանց կամ սոցիալական ցանցեր վերահսկել, նախ վերահսկեք ձեր իսկ ծնունդը հանդիսացող ֆեյքերին ու մի շփոթեք պարազիտներին խոսքի ազատության հետ, դրանք միմյանց հակառակ հասկացություններ ու երևույթներ են:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 57065 անգամ