«Մեջ­մեջ էին արել» Ալեքսանյանին փոխանցվելիք 170 հազար ԱՄՆ դոլար գումարը
2016-01-21 09:11:00

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում նախօրեին գրանցված պայթյունը, պարզվում է, առավել խորը արմատներ կարող է ունենալ։ Բանն այն է, որ խանութի տերը՝ Արսեն Արսենյանը, եղել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի նազիր-վեզիրներից, սակայն հիմա զրկվել է նրա հովանավորությունից դավաճանության համար։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ 2004 թվականին Ս.Ալեքսանյանի քեռու որդիներ Սամվելը, Ռուդոն, Ձուկ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը և պայթեցված խանութի սեփականատեր Արսեն Արսենյանը Գյումրի-Երևան ավտոճանապարհին զինված հարձակում են բեմադրել և խմբով «մեջ-մեջ արել» Ալեքսանյանին փոխանցվելիք 170 հազար ԱՄՆ դոլար գումարը՝ տարիներ շարունակ լռելով այս մասին։ Բայց երբ անցած տարվանից նրանց միջև անհասկացվածություն է առաջացել, Ա. Արսենյանը որոշել է պատմել կատարվածի մասին իր «շեֆ» Սամվել Ալեքսանյանին։ Սակայն ներելու փոխարեն Ալեքսանյանը պատժել է խմբի բոլոր 4 անդամներին՝ ներառյալ իր քեռու որդիներին։ Եվ հիմա խմբի 4 անդամները միմյանց նկատմամբ խորը թշնամանք ունեն, ու նրանց հետ ամեն պահի կարող է կատարվել ամենաանկանխատեսելին։ Ի դեպ, Ա. Արսենյանը, որին մամուլը ազատամարտիկ էր ներկայացրել, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում չհերքեց նկարագրվածը։ «Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, բայց ազատամարտիկ չեմ, սուտ են գրել»,– ասաց նա»,–գրում է թերթը։ 

Այս նյութը դիտել են - 1500 անգամ