« NewsBook »-ը գրում է. Երեկ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 5-րդ փառատոնը:
Այստեղ Երևանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրը ներկայացված էր առանձին տաղավարով և ներկայացնում էր ձմերուկի ձևավորման իր հմտությունները: «Հարկ է նշել, որ բոլոր ձևավորումներն էլ հետաքրքիր էին ու յուրօրինակ: Առանձին տաղավարում կազմակերպվել էր նաև ձմերուկի անվճար հյուրասիրություն». նշված էր Երևանի քաղաքապետարանի կողմից երեկ տարածված հաղորդագրությունում:
Այսօր արդեն համացանցում լուսանկար տարածվեց, որտեղ ձմերուկներից մեկի ձևավորման համար ներշնչանքի աղբյուր էր հանդիսացել ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի դիմապատկերը: Թե ո՞ր համայնքի ներկայացուցիչներին է պատկանում այս գաղափարը, կամ՝ արդյո՞ք փառատոնի կազմակերպիչների համար երևույթը սովորական է՝ դեռ պարզ չէ: Տեղի ունեցածն այն աստիճան անհեթեթ է, որ դժվար է մեկնաբանել:
Խառը ժամանակներ ենք ապրում. ձևի ու բովանդակության մրցապայքարում Հայաստանում հաղթում է առաջինը: Բայց կան իրողություններ, որոնք դուրս են այդ մրցապայքարից: Խոսքն ամենևին էլ հայրենսիրության մասին չէ. այստեղ գործ ունենք տգիտության, անկրթության, արժեքային շփոթի հետ: Տղաների սխրագործությունը դեռ սպիացած պատմություն չէ, որի թարմացման համար շոուների դիմենք:
Ի վերջո՝ նրանց մայրերի ողբն ու դառնությունը դեռ չի բթացել: Ցանկացած սխալ, փոքրիկ շեղում՝ դառնում է նոր պատերազմի ահազանգ: Մեր ու նրանց՝ հերոսացածների միջև:
Ապրիլյան դեպքերից հետո, երբ համատարած լռություն էր, երբ ասելիք կար, բայց սուսուփուս էինք, անիրավունք ու մոլոր, բոլորիս մտքում նույն դիլեման էր՝ կկարողանա՞նք արժանի լինել 18-ամյա այն պատանիներին, որոնք բառացիորեն կյանքի գնով արեցին անհնարինը: Զգոն էինք ու սթափ: Բայց անցավ ապրիլը. սկսեց հայրենսիրության շուոների ու էժան PR-ի շրջանը ու թուլացանք, էլի դարձանք հանդուրժող, անտարբեր:
Այսօր արդեն անտարբերությամբ դիտում ենք տեսանյութերը, որտեղ հերոսների մայրերը պատմում են, թե որդիների գերեզմանները չեն սարքել, որովհետեւ ՊՆ-ն տենդեր պետք է հայտարարի, դրա հաղթողի հետ պետք է պայմանագիր կնքի, էս կողմ՝ էն կողմ: Թեթևակի հուզված, բայց հանդուրժողաբար հետևում ենք, թե ինչպես են հերոսների ընտանիքում ծնված փոքրիկներին օգնության հասնում բոլորը, բացի պետությունից:
Ատամները բերաններումս կրճտացնելով ականջալուր ենք լինում պատմություններին, թե ինչպես են հերոսների ծնողները հրապարակայնացնում իրենց վիրավորանքը՝ մի օր զինվորականությունից մեկը չեկավ հարցներ՝ ո՞նց եք, ապրո՞ւմ եք, ինչի՞ կարիք ունեք: Շարունակությունը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 7789 անգամ