Ինչպես արդեն գրել էինք՝ մեզ տեղեկություններ էին հասել, որ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը շաբաթ օրվանից տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել։
Այս օրերին մարզպետարանում անհանգիստ մթնոլորտ է, մարզպետն էլ սիրտ չունի որեւէ մեկին տեսնելու, ընդունելու։ Խորհրդականի մասին տեղեկություն չունեն ոչ աշխատավայրում, ոչ էլ հարազատները։ Մանուկ Սիմոնյանը ծնվել է Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում,․ սակայն 6 տարեկանից ընտանիքով տեղափոխվել են նույն մարզի Սարդարապատ գյուղ։
Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ Մանուկ Սիմոնյանից տեղեկություն չունեն. «Մարդը գնացել ա, չորրորդ օրն ա չկա։ Չեմ գնացել իրենց տուն, գնամ՝ ի՞նչ ասեմ, մարդ են՝ վշտի մեջ»։ Համայնքապետի խոսքերով՝ գյուղում Սիմոնյանի անհետանալու կապացկությամբ 2 վարկած է շրջանառվում, մեկը, որ գողացել են, մյուսը՝ ինչ-որ խնդիրների մեջ է։ «Ընտանիք ունի, հերը մեր կոլխոզի նախագահն էր, իրենք էլ 3 եղբայր են, մեծը ինքն է։ Նորմալ, սաղի հետ շփվող տղայ ա։ Իմիջիայլոց, խորը գիտելիքների տեր մարդ ա, որսորդության սեր ունի, նորմալ մարդ ա։ Թե հիմա ուրիշ ինչ-ինչ բաների մեջ ա, ինչ ասե՞մ։ Ասում են՝ 4 օր առաջ ա երեկոյան տնից դուրս եկել ու ....»։
Նշենք, որ Մանուկ Սիմոնյանը 52 տարեկան է, ծնվել է Նոր Արմավիր գյուղում, ավարտել է Հոկտեմբերյանի Պրոֆտեխուսումնարանը` ստանալով գինու և հյութերի արտադրման վարպետի մասնագիտացում, ապա ավարտել է Մոսկվայի «Սննդի արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը»։
Նա աշխատել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության ինստիտուտում` որպես ավագ լաբորանտ, մի շարք ընկերություններում՝ ղեկավար, օրինակ՝ «Նոյ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ, «Պարիտեր-Ինվեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, «Երևանի Կոնյակի գործարան» ՓԲԸ-ում` որպես Արմավիրի մասնաճյուղի «Արաքս» գինու կետի վարիչ:
Այս նյութը դիտել են - 7518 անգամ