Քիչ առաջ, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ, Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայրը, որն ավելի շատ ժողովրդի կողմից հայտնի է «Մատուռի հատված», ժամանել են Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը, Արմավիր քաղաքի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանը՝ օպերատիվ խմբերով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր:
Այս պահին դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչակյան վարչության և նույն վարչության Արմավիրի քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս նյութը դիտել են - 7753 անգամ