Պետական այրերի որոշ խոսնակներ լրագրողների նկատմամբ «սև ցուցակներ» կազմելու համար պետք է ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոնից «Հրապարակ»
2017-07-26 14:50:00
«Հրապարակ»-ը գրում է.
«Խոսնակների կողմից նույնիսկ «սև ցուցակի» հիշատակումն արդեն խայտառակություն է: Կարծում եմ, որ իրենք եթե իսկապես կիրառել են այդպիսի բան, պետք է պատասխանատվության ենթարկվեն, բոլորն անխտիր»․- կարծիք է հայտնում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Hraparak.am-ը երեկ անդրադարձել էր Ֆեյսբուքում վաղուց գործող «Մամուլի խոսնակներ հայոց» փակ խմբին, որտեղ, ինչպես պարզվեց, պաշտոնական այրերի խոսնակները քննարկումներ են անցկացնում իրենց «արյունը խմող» լրագրողների մասին և «սև ցուցակներ» կազմում, որ լրատվամիջոցի հարցերին պատասխանել և ինչպես։ Այս թեմայով զրուցեցինք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ, ով համարում է, որ այդ խոսնակները պետք է անպայման իրենց ղեկավարների կողմից պատասխանատվության ենթարկվեն։
-Իրենց գործի բնույթը հակասում է ոչ միայն այդպիսի տերմինների օգտագործելուն, այլև՝ պրակտիկայում կիրառելուն: Եթե նույնիսկ իրենց դուր չի եկել որևէ հրապարակում, ապա նրանք ուղղակի պետք է իրենց ճշտումներով պատասխանի իրավունքից օգտվեին կամ նույնիսկ հերքման իրավունքով և ոչ թե քեն պահեին և այսպես կոչված սև ցուցակ ստեղծեին:
-Պարոն Մելիքյան, իսկ ի՞նչ տիպի պատասխանատվության մասին կարող է խոսք գնալ տվյալ դեպքում:
-Դա իրենց ղեկավարների որոշելիք հարցն է, այն ղեկավարը, նախարարը, որը համարում է, որ մամուլի խոսնակը պետք է կարողանա լրատվամիջոցի ցանկացած հարցի պատասխանի, ցանկացած պարագայում կարողանա շփվել լրագրողի հետ, այս աշխատաոճը պետք է անընդունելի համարվի։ Եվ կարող են իսկապես աշխատանքից ազատել: Բայց գոնե խիստ նկատողություններ և աշխատաոճի վերանայում ուղղակի պետք է պարտադրվի այդպիսի խոսնակներին: 
-Իսկ այս դիպվածը կարո՞ղ ենք համարել պաշտոնական դիրքի չարաշահում:
-Ես համարում եմ դա ոչ պրոֆեսիոնալ աշխատանք, մանավանդ երբ այդ «սքրինշոթից» նաև երևում է, որ խոսնակներից մեկը, իր կամակորությամբ վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ասում է, որ մաքսիմալ 30 օրվա ժամկետն է օգտագործում: Ես պետք է այդպիսի խոսնակներին հիշեցնեմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նախատեսում է հնգօրյա ժամկետում պատասխանել, իսկ եթե դա հնարավոր չէ և լրացուցիչ աշխատանք է պետք, ապա էլի հնգօրյա ժամկետում պարտավոր են պատասխանել, թե ինչ լրացուցիչ աշխատանք պետք է կատարվի և միայն այս դեպքում երկարաձգվում է ժամկետը։ Այս հիմնավորումները պետք է համոզիչ լինեն, հակառակ դեպքում այդպիսի մոտեցումը կարող է բողոքարկվել դատական կարգով, ինչը մեր կազմակերպությունն արել է: Այնպես որ այդպես տարբերակված մոտեցումները, խտրական մոտեցումները լրատվամիջոցների նկատմամբ ուղղակի անթույլատրելի են և հակասում են խոսնակների պարտականություններին: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, որ ի հայտ է եկել, և մյուս կողմից էլ մենք ականատես ենք լինում այդպես կորպորատիվ խայտառակության և կարծում եմ, որ այս խնդիրը պետք է լուծվի։
Լավ կլիներ, որ նախարարների մակարդակով, իսկ Արսեն Բաբայանի պարագայում նաև Ազգային ժողովի մակարդակով, այդ նյութը քննարկման առարկա դառնա և պարտադրվի, որ այդ խոսնակները կամ փոխեն իրենց գործելաոճը կամ էլ ուղղակի այլ գործով զբաղվեն:

Այս նյութը դիտել են - 7761 անգամ