Մեկ անձով կազմակերպված խո՞ւմբ. պաշտպանն ահազանգում է A1plus
2017-07-26 15:29:00

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար մեղադրվող Արթուր Մովսիսյանի մասով դատավարությունը առանձին կընթանա։ Քննությունը չի  իրականացվի զենք-զինամթերքի հայտնի գործով մյուս ամբաստանյալների հետ։ Այդ գործով են  անցնում   Հիմնադիր խորհրդարանի անդամ  Ժիրայր Սեֆիլյանը եւ եւս վեց հոգի։

«Գործը նախ ուղարկվեց Աջափնյակի դատարան, մակագրվել էր դատավոր  Աբրահամյանին։ Նա մի քանի օր գործի նյութերին ծանոթանալով՝ պարզել էր, որ ընդհատության կարգով այն պետք է ուղարկվի Կոտայքի մարզի դատարան:  Ինչպես Արթուրն էր իր հայտարարության մեջ նշել, այդ գործը դեգերում է, ուղղակի չեն կողմնորոշվում որտեղ քննել։ Շինծու լինելը այդտեղից էլ երեւում է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Երեկ Արթուր Մովսիսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր կալանավորումը  քաղաքական  ենթատեսքտ ունի։

«Ակնկալում են, որ մարզային դատարանում, բոլորի աչքից հեռու  կարող են ակնկալել խոստովանական ցուցմունքներ, ինչի դեպքում մեղմ կվերաբերվեն: Իմանալով որքան ազնիվ եւ պարկեշտ անձնավորություն է նա՝ վստահ եմ նա  երբեւէ չի   համագործակցի որեւէ մեկի հետ»,- ավելացրեց պաշտպանը:

 Արթուր Մովսիսյանը, ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանը եւ մյուսները  մեղադրվում  են  կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար. «Եթե մենակ է արել, ինչու նույն հոդվածով է մեղադրվում, ինչ նրանք: Կազմակերպված խումբ չկա,  սա  ուղղակի տարօրինակ է»,- նշում է Արայիկ Պապիկյանը:

Արթուր Մովսիսյանը իրեն համարում է պատանդ։

Մեկ անձով կազմակերպված խո՞ւմբ. պաշտպանն ահազանգում է

Այս նյութը դիտել են - 10776 անգամ