Կարելի է նախանձել լոսանջելեսահայ հանդիսատեսին, որը թատերարվեստի իրական նմուշ է տեսնելու:
Պետք է խոստովանել, որ հոգևոր անկման մեր այս անմխիթար ժամանակներում թե՛ հայրենիքում, և թե՛ սփյուռքյան գաղթօջախներում մշակույթի բոլոր ասպարեզներում արժեքավոր քիչ բան ենք տեսնում. խարխափումներ, վայրիվերումներ, ձախորդ փորձարարություններ, ծիծաղելի կապկումներ...դեռ որ մենք չենք գտնում մեզ: Մեզ, որ համարվում ենք դարավոր մշակույթի կրող ազգ...
Քիչ չեն թատերարվեստում իրենց նշանակալի հետքը թողած այն մեծերը, որոնց հետ շփվել, որոնցից սովորել ու վարպետացել է Արթուր Էլբակյանը՝ խնամքով ու երկյուղածությամբ պահպանելով հայ թատրոնի լավագույն ավանդույթները, դրանց, բնականաբար, հավելելով սեփական ձեռագիրը, թատերական, բեմական հետաքրքիր իր տեսակը...
Արթուր Էլբակյանի «Իմ խելագար Շեքսպիրը» Մոնո ներկայացումների աշխարհի խոշորագույն UNITED SOLO ամերիկյան փառատոնում /Նյու-Յորք/ արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, որը նաև հեղինակավոր ժյուրիի, որի կազմում ամերիկյան կինոյի եւ թատրոնի ակադեմիկոսներ են, Back Stage հանրաճանաչ ամսագրի, backstage.comկայքի համատեղ մրցանակն է:
Կանադայի Մոնրեալ քաղաքում ներկայացումը նույնպես մեծ հաջողություն է ունեցել:
Այնպես, որ՝ Լոս-Անջելեսում ապրող մեր հայրենակիցները առաջիկայում առիթ կունենան դիտելու արդեն իսկ բարձր գնահատականների ու ջերմ ընդունելության արժանացած իմ համակուրսեցու բեմադրությունը...
Թատրոնը հասարակական արձագանքների արտահայտիչն է, ներս մտեք հոգեկան բավարարվածություն ստանալու, ամենադրական իմաստով վերափոխվելու ակնկալիքով...
Գոնե Արթուրի դեպքում ես դա երաշխավորում եմ...
Կիմա Եղիազարյան
Այս նյութը դիտել են - 72539 անգամ