Հետադարձ հայացք... Իմ առաջին գրքի մասին2017-07-28 10:06:00

Գիրք գրելու մտահղացումը հանկարծակի էր ծագել ինձ մոտ դեռ տարիներ առաջ: Իմ նպատակն էր՝ համեստ նպաստս թողնել մանկավարժության ասպարեզում` դրանով իսկ փորձելով յուրատիպ ձևով ներկայացնել ուսուցչի բարդ ու պատասխանատու աշխատանքի նրբությունները, որով օգնած կլինեի հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին, ընդհանրապես` մայրենիի նվիրյալներին: Եվ 2013-ին ծնվեց իմ առաջին գիրքը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկը, որ հրատարակվեց ԼՂՀ ԿԳ նախարարության երաշխավորությամբ ու ֆինանսական միջոցներով և շուտով բաժանվեց Արցախի դպրոցներին: Նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանի խմբագրական ուղղորդող խորհուրդներով և մտահղացումներով ես այդ ժամանակ բացահայտվեցի որպես գրքի հեղինակ, գիրք, որ, իրոք, գրել էի մեծ սիրով ու նվիրումով:
Այն համարվեց ուսուցողական նյութերի մի յուրատիպ ամփոփագիր` իմ մանկավարժական փորձի ուշագրավ արձանագրումներով` համաքայլ կրթության բարեփոխումների ընթացքին: Շրջանցելով գիրքը հրատարակելու իմ այդ նպատակը` մեծ ուրախություն ապրեցի, երբ այն լայն ընդունելություն գտավ դպրոցի աշակերտների կողմից, առանձնապես նրանց, ովքեր իրենց հիանալի մտքերով դարձել էին այդ գրքի իրական «հերոսներ», եթե, իրոք, այդպես կարելի է կոչել: Վաղուց նրանք ավարտել են դպրոցը, բայց հիշողությանս մեջ մեր դպրոցականների խոսքերն են, որ այդ օրերին ամբարել էին իրենց պարզ հոգիներում՝ միախառնված հպարտության զգացմանը:
«Ահա բացում եմ «Ուսուցչի իմ թղթապանակը» գիրքը և իմ աչքերի առջևով տեսաֆիլմի ժապավենի նման անցնում է ուսուցչուհուս մանկավարժական աշխատանքային գործունեությունը: Գրքին իրականություն ներշնչելու համար թերևս նա գերադասեց «հերոսներ» դարձնել իր աշակերտներին և նրանց մտքերը: Պատիվ եմ ունեցել դառնալ գրքի «հերոսուհիներից» մեկը և ուրախ եմ, որ ստեղծագործական աշխատանքս արժևորվեց ուսուցչուհուս կողմից և որպես մտքի նշխար` տեղ գտավ այդ գրքում» /Հարությունյան Լիլիթ/:
«Ես իրական գրականության «հերո՞ս»: Չգիտեի` երա՞զ է թե՞ իրականություն: Ես էի, իմ մտքերն էին, խոհերը, ապրումները` ամփոփված մայրենի լեզվին նվիրված շարադրության մեջ, որ տեղ էին գտել այդ գրքում: Ես անբացատրելի հուզմունք ապրեցի: Այո´, ես արդեն իրական գրքի «հերոս» էի ` իմ ուսուցչուհու շնորհիվ: Իմ մտքերով ու հոգու թրթիռներով դարձել էի յուրօրինակ կերպար` իմ խոսքն ասելով, իմ երգը թողնելով, իմ նվիրվածությունն ապացուցելով: Ես արդեն կայի որպես անհատականություն, որ բացահայտվեցի ուսուցչուհուս խորաթափանց աչքերով: Բայց մինչ այդ մենք սովոր էինք, երբ գրքերում կարդում էինք գրական կերպարների կամ պատմական հերոսների մասին: Մեզ համար օրինակելի էր նրանց անցած ճանապարհը, նպատակները, խորհուրդները, որոնք զարգացրել էին մեր աշխարհայացքը, նոր որակ հաղորդել մեր դիրքորոշումներին, պատկերացումներին: Ես ուզում էի այդ գրքում ամփոփված մեր բոլոր աշակերտների մտքերը սիրով փոխանցվեին հետագա սերունդներին» /Հարությունյան Շուշան/
«Ես անտարբեր չեմ եղել գրականության ու գրական հերոսների նկատմամբ և միշտ էլ ցանկացել եմ լինել գրքի հերոսուհի, բայց մտածում էի, որ այդպիսի անակնկալ ինձ կմատուցի միմիայն իմ երազների սիրո իդեալը, բայց դրա համար դեռ երկար պետք է սպասեի, գուցե և՝ անարդյունք: Իմ արդարամիտ ուսուցչուհու մատուցած մեծ ընծայով ես ապրեցի գրական հերոսուհու այն վայելքը, որը երկար տարիներ զգում էի իմ երազանքների հրաշափառ անկյունում: Գրքի մասին մեծ հուզմունքով պատմել էի նաև բոլոր ծանոթներիս ու բարեկամներիս` նրանց տեղեկացնելով, որ իմ մտքերն էլ զետեղված են այդ գրքի էջերում: Օտար ափերում ապրող պապիկիս ու տատիկիս խոսքի հնչյունների մեջ նշմարել էի հուզմունքի, հպարտության և ուրախության նշույլներ. դա ինձ համար մեծ գնահատական էր» /Մինասյան Անուշ/:
«Ըստ ինձ, ես ոչ մի առանձահատուկ շնորհքով աչքի չէի ընկնում, սակայն ուսուցչուհուս ուշադրությունից չվրիպեց նաև իմ համարձակ արդարացումը, որ, իրոք, արձակուրդների ժամանակ չեմ կատարել ամառային հանձնարարությունը...Այդ օրվա գրականության դասը 9-րդ դասարանում հրաշքներով էր լի, որ «սիրո լեզվով» մատուցեց իմ ուսուցչուհին, և այն տեղ գտավ այդ գրքում: Ես դարձա գրքի «հերոս» իմ ուսուցչուհու շնորհիվ: Անբացատրելի հրաշք էր դա՝ անսպասելի ու զարմանալի» /Ավանեսյան Սևադա/:
«Ինձ համար արևի մի ջերմ շող, անծայր երկնքի մի մասնիկ և անհուն ծովի մի փոքրիկ կտոր էր այդ գիրքը, որի հրատարակությունը մեծ հաղթանակ էր նաև ինձ համար, քանզի աննկարագրելի էին իմ հույզերը, երբ իմացա, որ գրքի «գործող հերոսուհիներից» մեկն էլ ես եմ: Իմ մտքերը տեղ էին գտել այդ գրքում, իմ բանաստեղծությունը` նույնպես: Աննկարագրելի էր: Հուզմունքից խեղդվում էի, բայց միևնույն ժամանակ մեծ հպարտություն կար իմ մեջ: Փորձում էի հասկանալ և գնահատել իմ ուսուցչուհու կատարած մեծ ու քրտնաջան աշխատանքը, սակայն գիտակցում էի, որ խոսքերն ավելորդ են, պետք էր միայն գլուխ խոնարհել և անվերջ կրկնել` շնորհակալություն» /Հարությունյան Մարինե/:
Որքա՞ն լավ էի հասկանում իմ աշակերտների հորդաբուխ և հուզումնառատ խոսքերի նշանակությունը, չէ՞ որ ես էլ նույն զգացումն ունեի նրանց նկատմամբ, ովքեր իրենց ազնիվ նվիրվածությամբ ձեռնամուխ էին եղել այդ գրքի հրատարակության գործին: Հպարտ էի զգում ինձ, որ մանկավարժի` իմ մասնագիտության այս բարդ ու պատասխանատու աշխատանքի պարգևատրությունն իմ աշակերտների գնահատականն է, նրանց հետ հոգևոր շփման ամենօրյա բերկրանքը, որ այդպես էլ շարունակական դարձավ: Դեռ այն օրերին էի փորձում արդարության, ազնվության, բարության հունդեր սերմանել նրանց պարզ հոգիներում, չնայած ես ինքս էլ վաղուց չէի հավատում այդ արդարությանը: Բայց եկավ այն, եկավ այդ արդարությունն ու բարձրաձայն ազդարարեց իր գոյության մասին, որ որտեղ տքնաջան աշխատանք կա, այնտեղ կա նաև ազնիվ գնահատանք:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4664 անգամ