Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak2017-07-31 14:59:00
«Ինչպես տեսնում ենք, վերջին տարիներին հայոց լեզվի քննություններին գրեթե առանձնահատուկ բողոքներ չեն լինում: Նայեք ցուցանիշները, կտրվողներն ամենաքիչը հայոց լեզվից են, ընդամենը 7-10 հոգի է կտրվում».- նշում է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, ընդգծելով, որ դա նորմալ ցուցանիշ է:
Ընդունելության քննական շրջանն արդեն հետևում է, սակայն քննարկումները մեզանում չեն դադարում: Ինչպես հայտնի է, այս տարի ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվել է շուրջ 120 շրջանավարտ, երբեմնի ամենահեղինակավոր ֆակուլտետն այս տարի 30 թափուր տեղ ունի: Այս և այլ թեմաներով զրուցել ենք լեզվաբան, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանի հետ:
-Տիկին Մեյթիխանյան, շատերը համարում են, որ հայերենի շտեմարանները արդիական չեն և արհեստական դժվարություններ են առաջացնում շրջանավարտների համար, համաձա՞յն եք այդ մտքի հետ:
-Մասնակի համամիտ եմ, մասնակի ոչ, որովհետև եթե շտեմարաններն ընդհանրապես հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի: Այն երեխան, ով ուզում է իսկապես սովորել, վերցնում է այդ շտեմարանները, որտեղ ամբարված է ողջ դպրոցական ծրագրի նյութը և ինքնուրույն պարապում է, գնում համապատասխան գնահատական է ստանում: Եվ այդ շտեմարանների մեջ ամբողջ դպրոցական ծրագիրն է, որը յուրաքանչյուր տարի նյութ է տրամադրում թեստ կազմողին տվյալ տարվա քննական ծրագրերին համապատասխան: Այսինքն՝ շտեմարանում կան նյութեր, որոնք չեն ընդգրկվում քննական հարցատոմսերում, այդ առումով շտեմարանը դառնում է յուրատեսակ ամփոփիչ գիտելիքների ստուգման ձեռնարկ: Բայց այլ հարց է, թե այդ շտեմարաններն ինչպես են օգտագործվում ըստ մասնագիտությունների ընտրման, ես ասացի՝ մասնակիորեն համամիտ եմ այդ կարծիքի հետ: Ես կարծում եմ, որ չի կարելի նույն պահանջը դնել այն դիմորդի առաջ, ով գնում է տնտեսագիտական, բնագիտական ֆակուլտետներ, և այն դիմորդի առաջ, ով գնում է հումանիտար ուղղությամբ, պետք է շտեմարանի նյութն օգտագործվի այլ չափանիշով: Լինելով շտեմարանների հեղինակ և խմբագիր՝ ես միշտ ասել եմ, որ շտեմարաններում հանձնարարություններից ոչ թե պետք է միավոր հանվի սխալի համար, այլ պետք է տրվի ճշտի համար: Ենթադրենք երեխան պետք է ընտրություն կատարի, երեխան 9-ը ճիշտ է որոշել, մեկը՝ սխալ, 0 է ստանում: Ինչո՞ւ եք զրո տալիս, տվե՛ք նրան 0,9: Մեկ ուրիշը 5 հա՞տ է ճիշտ որոշել, տվե՛ք նրան իր 0,5-ը:
-Տիկին Մեյթիխանյան, այս տարվա շտեմարաններին ծանո՞թ եք, ինչպես ամեն տարի, այս տարի ևս բողոքներ էին հնչում:
-Այդպես առանձնահատուկ բողոք չի եղել, որովհետև մի քանի տարի շարունակ անընդհատ շտեմարանները մաքրվել են և գրեթե այնտեղ բան չի մնացել, որ վիճահարույց է: Գիտեք ինչ վեճ է գնում, պարապող ուսուցիչները չեն պատկերացնում, որ շտեմարանը դպրոցական դասագրքի հիման վրա կազմված ձեռնարկ է, որտեղ կան առաջադրանքներ, որոնք չպետք է գնան քննական ծրագիր, քննական թեստ կազմողը դա գիտի: Դպրոցն ավարտող երեխան դպրոցական ծրագրին համարժեք պետք է իմանա, չէ՞ որ բոլորը բուհական քննության չեն գնում, դպրոցում են նաև տալիս քննությունը: Նրանք պարապում են, ստուգում են իրենց գիտելիքները, և հարցեր կան, որոնք քննական ծրագրում չպետք է լինեն:
-Իսկ եթե հայոց լեզվի քննություններին և դասավանդմանն ընդհանրական հայացք նետենք, չե՞ք կարծում, որ դպրոցներում ևս չափից դուրս բարդացված է այդ առարկան, տրվում են գիտելիքներ, որոնք հետագայում երբևէ չենք օգտագործում:
-Բնավ, համաձայն չեմ, եթե 7-8 տարի առաջ այս հարցը տայիք, միգուցե համամիտ լինեի: Ես չեմ ասում, որ ամեն ինչ անթերի է, կան նյութեր, որոնք չպետք է լինեն, բայց ասել, որ ամեն ինչ շատ վատ է, բարդ է, ոչ: Մենք էլ ենք դպրոցում սովորել, և հավատացնում եմ Ձեզ, այն ծանրաբեռնվածությամբ, որ ես եմ դպրոցում հայոց լեզու և գրականություն անցել, այսօր դրա կեսի չափով է ծանրաբեռնվածությունը: Մենք անընդհատ հեշտացնելով ո՞ւր կգնանք, տեսեք ինչ արդյունքի ենք հասնում:
Ի դեպ, ժամանակին ես մի առաջարկություն եմ արել: Դպրոցական ծրագրի ողջ ընթացքում շուրջ 50 հեղինակ են անցնում՝ գրողի կյանք, ստեղծագործություններ, երեխան պետք է ուսումնասիրի չէ՞, որ գնա բուհ: 1-2 տարվա մեջ երեխան 50 հեղինակ կարո՞ղ է կրկնել, իհարկե ոչ: Ես առաջարկում էի, որ յուրաքանչյուր տարվա ընդունելության քննությանը, գրականությունից հարցերը գրելիս, դրվում է 15 հարց, ընտրենք նախապես 5 հինգ հեղինակ՝ մեկ պատմավեպ գրող, մեկ պատմավեպ, 2 արձակագիր, երկու բանաստեղծ: Թող այդ տարվա դիմորդները նախապես իմանան, որ օրինակ Թումանյան, Րաֆֆի, Շիրվանզադե և այլն, այդ հեղինակներից է լինելու հարցերը: Երեխան արդեն կգնա խորք, ոչ թե վերլուծական կկարդա, այլ հենց գիրքը: Եվ թող յուրաքնաչյուր տարի ցանկը փոփոխելի լինի: Այսինքն՝ երեխան 4-րդ դասարանից կսովորի, որովհետև նա չգիտի մի տարվա կտրվածքով ո՞ր հեղինակին կդնեն: Այդկերպ ավելի հեշտ է:
Շարունակությունը ՝այստեղ
Այս նյութը դիտել են - 90219 անգամ