Ծեծկռտուք Էրեբունու դատարանում. լեզվաբանի ամուսնու սպանության գործով կողմերին հեռացրին նիստերի դահլիճից (տեսանյութ) Tert
2017-08-01 22:45:00

 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստին գործով տուժող Էմմա Աբրահամյանը, ով մահացած Եղիշե Խաչատրյանի մայր է, պատմում էր, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Նրան հարցեր էին ուղղում ամբաստանյալի պաշտպանները:
Ամբաստանյալ Խաչատուր Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը հարցեր էր տալիս Էմմա Աբրահամյանին, թե ինչպես է օգնել որդուն և միաժամանակ նկատել, թե որտեղից ու ովքեր են եկել:
«Վեցն էլ հարձակվել ու ծեծում էին որդուս, մի պահ ինձ թվաց, թե գալիս են օգնելու»,-ասաց Աբրահամյանը:
Հերթական հարցի ժամանակ նիստերի դահլիճում նստածներից մեկը միջամտեց, թե դատարանը չի՞ տեսնում, որ հարցաքննվող կինը հուզվում է. «Մեղք չի՞ էս կինը»:
Այդ միջամտության հաջորդեց կողմերի միջև փոխադարձ հայհոյանքներն ու ծեծկռտուքը:
Ամբաստանյալների հարազատները մեղադրում էին տուժող կողմին, որ սուտ ցուցմունքներով դատապարտել են տալիս երիտասարդներին: Դատական կարգադրիչներն ու ոստիկանության ծառայողները մեծ դժվարությամբ կարողացան կողմերին բաժանել ու հեռացնել նիստերի դահլիճից:
Հարազատները միմյանց ուղղությամբ նետում էին իրեր, հարվածում միմյանց:
Նշենք, որ ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետի հատկանիշներով, ինչպես նաև ՔՕ-ի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 14351 անգամ