Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլտենբերգի հետ. «Ես կարող եմ ասել, որ մեր օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը ոչ միայն մեր իրավունքն է, այլ նաև՝ իմ կառավարության պարտականությունը», - ասել է Դավութօղլուն:Նա նաև շեշտել է, թե հույս ունի, որ Ռուսաստանը կվերանայի միջադեպի պատճառով Թուրքիայի դեմ կիրառած տնտեսական պատժամիջոցները: Վերջիններս մեծապես սահմանափակում են թուրքական ապրանքների մուտքը, ինչպես նաև՝ աշխատանքային պայմանագրերի ու մուտքի արտոնագրերի երկարացման հնարավորությունները: Պատժամիջոցները զգալիորեն ազդում են նաև թուրքական ընկերությունների ու զբոսաշրջության ոլորտի վրա:
VOA-ի փխանցմամբ, ՄԱԿ-ի եղանակային փոփոխությունների գագաթաժողովից հետո Էրդողանը հանդիպել էր ԱՄՆ-ի նախագահ Օբամային ու պետքարտուղար Քերիին՝քննարկելու առկա իրավիճակը: Օբաման շեշտել է Թուրքիայի ԱՄՆ-ի դաշնակից լինելու հանգամանքը. «ԱՄՆ-ը իր բոլոր դաշնակիցների հետ սատարում է իր սահմանները և ինքնիշխանությունը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը», - ասել է Օբաման: «Մենք խիստ շահագրգռված ենք Թուրքիայի հետ ռազմական հարաբերությունների զարգացմամբ, ոչ միայն ապահովելու Թուրքիայի անվտանգությունը, այլ նաև Սիրիայում օգնելու մարել ահավոր այդ քաղաքացիական պատերազմը և համոզվելու, որ Դաեշից եկող սպառնալիքը չեզոքացված է»:
Իր հերթին Էրդողանը հույս է հայտնել, որ միջադեպը կարելի կլինի հարթել դիվանագիտական ճանապարհով. «Մենք հակված ենք օգտվելու դիվանագիտական լեզվից, քանի որ այն տեղին է տարածաշրջանում խնդիրների լուծման համար: Մենք չենք ցանկանում ավելի լարել վիճակը, այլ ընդհակառակը՝ թուլացնել այն: Եվ վերջապես, մեզ համար շատ կարևոր են Թուրքիային հարակից տարածքներում ապրող մեր ազգակիցները, որոնք կապ չունեն «Իսլամական պետության» հետ, սակայն դառնում են հարձակումների թիրախ։ Վերջերս նրանց շրջանում ավելի քան 500 մարդ է զոհվել ռմբահարումների արդյունքում», - նշել է Էրդողանը:
Սակայն Ռուսաստանի պարագայում առավել նկատելի է պատժամիջոցների լեզվով խոսելու միտումը։ Թե արդյոք դա երկար կտևի ու արդյոք կմարի, թե՝ ոչ, պարզ կլինի ներգրավված պետությունների հետագա որոշումներից:
Այս նյութը դիտել են - 1825 անգամ