«Armtimes »-ը գրում է«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց տեղեկությունը, որ իրենց օժանդակելու համար բացված հաշվեհամարը փակվել է:
Տեղեկությունը մեզ հայտնել էր «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:
«Առանց մեզ տեղյակ պահելու հաշվեհամար էր բացվել, երբ որ իմացա՝ խնդրեցի փակել: Եվ ես եւ տղաներս դեմ ենք ենք այդ եղանակով գումար հավաքելուն: Ես կարծում եմ, որ ճիշտն այն է, որ այդ անձնական հաշիվների փոխարեն մեկ ընդհանուր ֆոնդ բացվի եւ հավաքված գումարով բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերվի՝ իրավական եւ մնացած այլ անհրաժեշտ մասերով:
Ես չեմ ասում, թե հիմա աջակցության կարիք կա կամ չկա, աջակցության կարիք բոլորը ունեն: Բայց սկսենք գումար հավաքել, գովազդ անել, իմ տղաները ճիշտ չեն համարում: Նրանք իրենց կյանքն են դրել զոհաբերության սեղանին, գիտակցաբար:
Նրանք այդ քայլին գնալուց առաջ իմացել են, որ դժվարություններ են լինելու: Նրանք հո չե՞ն գնացել, որ հետո հաշվեհամար բացվի ու օգնություն խնդրվի: Գիտե՞ք ինչ սակարկումների ու բամբասանքների տեղիք են տալու նման բաները»,- ընդգծեց Արմենակ Կյուրեղյանը:
Այս նյութը դիտել են - 10931 անգամ