«Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետ Նարեկ Մանթաշյանի հարցը հասել է վարչապետին։ Կառավարությունը Մանթաշյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ պարզաբանում է պահանջել ՍԱՊԾ–ից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Նարեկ Մանթաշյանը։
Մանթաշյանի գործով այժմ ուսումնասիրություն են իրականացնում նաև քաղծառայության խորհուրդն ու ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Ես աշխատաքի անցել եմ քաղծառայության հայտարարած մրցույթի արդյունքում։ Իմանալով Գոգավան սահմնային հսկիչ կետի պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասին՝ ես դիմել եմ, ինձ հետ միասին դիմել է ևս 2 քաղաքացի, որոնցից մեկը պայմանագային հիմունքներով այդ պահին զբաղեցնում էր համապատասխան պաշտոնը։ Քննության արդյունքներով ես ճանաչվել եմ հաղթող»,- պատմում է Նարեկ Մանթաշյանը` հավելելով, որ իրեն վերցրել են աշխատաքի, բայց հայտնել, որ քանի որ տվյալ պաշտոնն արդեն այլ անձ է զբաղեցնում, ինքը կաշխատի 1-2 ամիս, որի ընթացքում իր համար այլ աշխատանք կգտեն։
Մանթաշյանը վստահեցնում է, որ իրեն նույնիսկ համոզել են չներկայանալ աշխատանքի, բայց ինքն այդ հորդորներին չի հետևել` գիտակցելով իր վրա դրված պաշտոնեական լիազորությունների պատասխանատվությունը։
«Ինձ աշխատանքի ընդունելիս` մայիսի 31-ին, իրենց խոսքերով՝ ընդունված կարգի համաձայն, որպեսզի մյուսներից չտարբերվեմ, ամբողջ կոլեկտիվի հետ միասին ես էլ գրում եմ շխատանքից ազատման դիմում։ Հենց այդ դիմումի հիման վրա, որտեղ ի դեպ բացակայում էր ամիս-ամսաթիվը, և այդ փաստն իրենք էլ են ընդւնում, ինձ հուլիսի 12-ին ազատում են աշխատանքից»,- պատմում է Մանթաշյանը։
Նարեկ Մաթաշյանը նաև հայտնում է, որ օգտվելով աշխատանքային օրենսգրքով իրեն ընձեռված հարավորությունից, ինքը դիմում ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում հետ է պահանջել դիմումը, բայց այն իրեն չեն վերադարձրել։
Նարեկ Մանթաշյանն, ի դեպ, ՀՀԿ անդամ է։ Ուստի մեր զրույցի ընթացքում նաև հարցրեցինք, թե արդյոք իր նկատմամբ վերաբեմունքը կարող է ներիշխանական խմորումների դրսևորում լինել, հաշվի առելով այն հանգամանքը, որ ՍԱՊԾ ներկայիս պետը համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմը։
«Բացարձակ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում և չեմ էլ ուզում տեսնել, որովհետև իմ խնդիրն ու իմ հարաբերությունները կոնկրետ աշխատանքային են»,- մեր հարցի ի պատասխան ասաց Մանթաշյանը` հիշեցնելով, որ ՍԱՊԾ պետն անկուսակցական է և հերքելով իր բարձրացրած խնդրի հնարավոր կուսակցական ենթատեքստը։
Նարեկ Մանթաշյանը նշում է, որ իր օրինակով փորձում է ցույց տալ, որ սեփական իրավունքների վերականգնման համար պայքարում հնարավոր է հասնել արդյունքի։ Որպես ապացույց Մանթաշյանը հիշեցնում է ՍՊԱԾ այլ աշխատակիցների օրինակները, որոնք դատական ատյաններում կարողացել են վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները։
«Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետ Նարեկ Մանթաշյանը նաև հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` իր աշխատանքային իրավունքների ապօրինի դադարեցման հրամանը չեղյալ ճանաչելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի դիմաց փոխհատուցման պահանջով։