Նատաշա Պողոսյան, դուք եղաք այն առաջինը, ով հեռու-հեռվից՝ Արցախից, մանկավարժական կապ հաստատեց այս ափի հետ...2017-08-13 00:35:00
Հարգելի վաստակաշատ մանկավարժ Նատաշա Պողոսյան.
Երկար ժամանակ է ուշադրությամբ ընթերցում եմ «Մանկավարժի անկյուն» բաժնի Ձեր նյութերը: Գիտեմ, անշուշտ դուք ձեր տարիների փորձերն ամբարած, իմաստնացած, ջանք ու եռանդ եք ներդնում ու ոչ միայն այսօրվա, այլև վաղվա ու հետագա արժանավոր քաղաքացի, ազգասեր ու ազգապահպան սերունդ կրթելու-դաստիարակելու նպատակով: Եվ, ինչու չէ, այն՝ կշարունակեք յուրաքանչյուր տպագրված նյութերը հավաքելով և «Մանկավարժական Ձեռնարկ» գիրք դարձնելով, որը ոչ միայն սկսնակների համար օգտակար կլինի, այլև՝ ամենքիս:
Եվ դո՛ւք եղաք այն առաջինը, ով հեռու-հեռվից՝ Արցախից, գրական-մանկավարժական կապ հաստատեց այս ափի հետ...
Ողջունում եմ Ձեզ ու շնորհավորում, որ ընտրել եք «USArmenianews».com լրատվական կայքը. ինչո՞ւ` գիտե՛ք...
Դուք վստահել եք այնպիսի լրագրողական կայքի, որի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանը, դեռևս 21 տարեկանից այստեղ՝ Լոս Անջելեսում, այս օտար ափում, օժտված՝ լրագրողական արվեստի և խոսքի բացառիկ ճկունությամբ, համայնքում առաջինը լինելով երիտասարդական բազմաբնույթ թեմաներով հեղինակային հեռուստաշոուներ է անցակացրել, ուր մասնակցում էին՝ համայնքի անվանի մարդիկ, հետաքրքրասեր հանդիսատես, առողջ մտածող երիտասարդություն, ովքեր անկաշկանդ ու ազատորեն արտահայտվել են ու պատասխանել Գայանե Մանուկյանի խելամտորեն մշակված հարցադրումներին, լինեին՝ միմյանց համամիտ, թե՝ հակամիտ:
Ինչպես ներկաներն էին արտահայտվում, Գայանեի շնորհիվ էր հեռուստաշոուն այդքան ընդգրկուն դառնում, քանզի ապահովում էր ազատ խոսքի դաշտը, ինչպես կայքում:
Գայանեն Լոս Անջելեսում վարում էր նաև մանկական «Այ-այ-այ» հեռուստահաղորդումը՝ իր քաղցրահնչյուն ձայնով նա դարձել էր փոքրիկների սիրելին, անգամ հիմա, երբ նախկինում փոքր երեխան, այսօր հասունացած մոտենում ու հարցնում է «...դուք էիք չէ՞ Այ-այ-այ հաղորդաշարի վարողը...» նա հաստատում է ժպտուն աչքերով:
Բացի համայնքի բոլոր թերթերին թղթակցելուց, նա ունի պատմվածքներ ու իրական հեքիաթներ, որոնք տպագրվել են «Լույս» պարբերականում, որտեղ նրան վստահված էր երիտասարդական բաժնի մի ամբողջ էջ:
Լուսանկարում՝ ամուսինս, դուստրերս և Տեր. Հովսեփ Քահանան գրքիս շնորհանդեսի ժամանակ
2015 թ. Մանկավարժական ձեռնարկ՝ «Հնադարյան ազգի զավակ ես» գրքիս շնորհանդեսի հանդիսավարը Գայանե Մանուկյանն է եղել , ինչպես նաև գրքիս՝ բացահայտում-նախաբանի հեղինակը:
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Հայոց առաջնորդարանում նա այնպես հմտորեն վարեց այդ միջոցառումը, որի մասին իր գնահատականը տվեց Քալիֆորնիայում հրատարակվող «Նոր Հայաստան» օրաթերթի ճանաչված լրագրող Սարգիս Մաճառյանը:
Սիրելի Նատաշա Պողոսյան, հարգելի գրչակցուհիս, թերևս հաջորդ անգամ ներկայացնեմ իմ «Խոսքի ուժը»:
Ես հետևում եմ Ձեզ, շարունակեք, շատերին է դուր եկել՝ ընթերցելի են և ուսանելի: Միաժամանակ շնորհավորում եմ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գրքի լույս ընծայմանը, այն սպասումով, որ շուտով կտեղեկանանք Ձեր հաջորդ գրքի հրատարակմանը:
Սվետլանա Նալբանդյան-Տոնապետյան
Մանկավարժ-Արատաբան
Գլենդել
Այս նյութը դիտել են - 42779 անգամ