Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր ընթերցել է իրեն ուղարկված սպառնալից նամակներից հատվածներ: « Առաջին նամակը ամբողջությամբ չեմ կարող ընթերցել, բայց ասեմ, այն արտահայտությունները, որ ինձ է ուղղված. «Հերիք է մարդասպաններին պաշտպանես», իսկ վերջին նամակի մեջ միայն վերջին մասը, ամբողջը չեմ կարող կարդալ ուղղակի. «հերիք է էդ հանցագործ…. տղերքին պաշտպանես», բառեր կան, որոնք ուղղակի չեմ կարող ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արայիկ Պապիկյանը:
Եթե առաջին նամակն ուղղված է եղել իր եւ իր մասնագիտական գործունեության դեմ, ապա երկրորդ նամակում սպառնալիք է հնչել նաեւ ընտանիքի անդամների հասցեին.
«1-ին նամակը ստացել եմ մայիսի 11-ին, որին ոչ մի կերպ չեմ արձագանքել եւ որեւէ մարմնի չեմ դիմել: Երկրորդ նամակը, երբ օգոստոսի 3-ին ստացա, չակերտավոր ասեմ՝ շատ հարստացված բովանդակությամբ, մտածեցի իմաստ կա՞դիմեմ»:
Էլեկտրոնային նամակների հեղինակը Էմմա Սահակյանն է: Փաստաբանը համոզված է՝ նա կեղծ օգտատեր է։ Միաժամանակ վստահ է՝ սպառնալիքները կապված են «Սասնա ծռեր»-ի եւ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով պաշտպանություն իրականացնելու հետ: «Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ ամիսներ շարունակ մեր կողմից հնչեցված այն տեսակետը, այն պնդումները, որ մի շարք փաստաբանների հանդեպ ուղղակի անձնավորված հետապնդում է իրականացվում, եւ մեր բոլոր պնդումները պատկան մարմինների կողմից որեւէ ուշադրության չեն արժանանում, կարող է հանգեցնել շատ ավելի բարդ իրավիճակների, քան հավանաբար պատկերացնում են այդ պատկան մարմինները»,- ասաց փաստաբանը:
Արայիկ Պապիկյանը չի էլ պատկերացնում, թե ով կարող է կանգնած լինել այս սպառնալիքների հետեւում: Սակայն ոստիկանությունն արդեն զբաղվում է այդ հարցով. «Պայմանավորվել ենք, այսօր համապատասխան պաշտոնյաների հետ պետք է հանդիպենք՝ հետագա քննչական կամ դատավարական անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար»։
Արայիկ Պապիկյանը որեւէ հույս չունի, որ իրականությունը կբացահայտվի: Մինչ ոստիկանությունը կզբաղվեր այս հարցով, «Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Այնտեղից պարզաբանել էին, որ ՀՔԾ-ն զբաղվում է միայն պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննությամբ, իսկ Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներով հանդես եկած անձանց նկատմամբ չկան տվյալներ, որ նրանք զբաղվում են պետական հատուկ ծառայությամբ, ուստի հիշյալ դեպքի վերաբերյալ նախաքննություն իրականացնելը ՀՔԾ-ի իրավասության շրջանակներում չէ. «Հասկացա, որ նրանց համար կարեւոր չէր իմ կողմից բարձրացված խնդիրը, իմ կամ իմ ընտանիքի անդամների հասցեին հնչեցված սպառնալիքները, նրանց համար կարեւոր է եղել այն, որպեսզի փորձեն ցույց տալ, որ ես ճիշտ հասցեով չեմ դիմել եւ այդ ճանապարհով փորձում են ցույց տալ, որ ինձ համար անվճար վերապատրաստման դասընթաց են անցկացնում»:
Իսկ ինչ վերաբերում է հնչեցված սպառնալիքներին, ապա Արայիկ Պապիկյանը վստահեցնում է՝ ընտանիքի անդամները զբաղված են իրենց առօրյայով, իսկ ինքն էլ իր աշխատանքն ավելի պարտաճանաչ եւ ջանասիրաբար է կատարելու:
Այս նյութը դիտել են - 14508 անգամ