«Շատ գաջեթներ, որ մենք բոլորս օգտագործում ենք, ունեն մի մասնիկ, մի նյութ, մի աշխատանք, որը արվել է Հայաստանում», - Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հիշեցնում է՝ Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնի հովիտը առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերն է, հետեւաբար՝ հատուկ ուշադրություն է պահանջում.
«Այս տարվա նոյեմբերին մենք պիտի փորձենք Սիլիկոնի հովտում հիմնադրել եւ այսուհետ անցկացնել Հայաստանի օրեր, որը եւ գովազդային եւ անմիջական կապեր ստեղծելու առումով ամենամյա ձեռնարկ պետք է դառնա»:
Դեսպանի խոսքով, տեխնոլոգիաների ոլորտում փայլուն գաղափարների լավագույն շուկան գտնվում է այսօր Սիլիկոնի հովտում, միեւնույն ժամանակ.
«Հայաստանից փայլուն գաղափարներ են գալիս, որոնք ճիշտ մարքետինգի դեպքում կարող են գտնել իրենց գնորդներին»:
Այսպիսով, Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների եւ ծրագրավորման ոլորտում աշխատող ընկերությունները կարող են օգնություն ակնկալել ամերիկյան ընկերությունների հետ կապեր հաստատելու գործում, նշում է Գրիգոր Հովհաննիսյանը.
«Պետությունը պետք է կարողանա օգնել փոքր ընկերություններին, սթարթափ կոչվածներին, որոնք սովորաբար երիտասարդ, պայծառ, փայլուն գաղափարներով երիտասարդներ են, որոնք չունեն ոչ փորձառություն ոչ ֆինանսական միջոցներ, օգնել նրանց, որպեսզի կարողանան վաճառել իրենց գաղափարները»:
Այդ նպատակով մոտ ապագայում Կալիֆորնիայում կբացվի Հայաստանի առեւտրատնտեսական պալատի գրասենյակ, նշում է դեսպանը, ով, ի դեպ, վերջերս հատուկ այց էր կատարել Սիլիկոնի հովիտ, հանդիպելով այնտեղ բազմաթիվ հայ մասնագետների.
«Ցավով պիտի ասեմ, որ մեր մասնագետներից շատերը, հազարավոր հայաստանցի մասնագետներ, այսօր աշխատում են Սիլիկոնյան հովտում: Անշուշտ, Սիլիկոնյան հովտի ընկերությունները ավելի մրցունակ, ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում մեր որակյալ կադրերին, բայց նաեւ առավելություններ եմ տեսնում դրա մեջ, որովհետեւ այս մասնագետները այս ինժեներները դառնում են վեկտորը, որը կապում է հայրենիքի, տտ ոլորտի ընկերությունները, այդ թվում նաեւ ստարտապները եւ հսկաները»:
Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում բարձր արդյունքների հասած փայլուն երիտասարդներ, սակայն, բարձրորակ ինժեներների եւ ծրագրավորողների պահանջարկը պետությունում շարունակում է զգացվել.
«Այն փաստը, որ Հայաստանից դուրս են գալիս համաշխարհային որակի մասնագետներ, որոնց պահանջարկը հենց Սիլիկոնյան հովտում բարձր է, չի կարող չուրախացնել: Մյուս կողմից՝ ինչպե՞ս պահել այդ մասնագետներին Հայաստանում, որպեսզի սեկտորն ինքը զարգանա»:
Աշխարհում խոշորագույն՝ Միացյալ Նահանգների տնտեսության հետ առավել արդյունավետ համագործակցելու համար Հայաստանը փորձելու է կենտրոնանալ Կալիֆորնիա նահանգի հետ հատուկ կապերի հաստատման վրա.
«Կալիֆորնիան կարող է դառնալ հենց այն թիրախը, այն դարպասը, որը կապահովի մեր մուտքը Միացյալ Նահանգների շուկա եւ նաեւ ամերիկյան ներդրումները»:
Այդ նպատակով արդեն հոկտեմբերին Սիլիկոնի հովիտ հայկական պատվիրակություն կժամանի, իսկ հեռանկարում հնարավոր է Հայաստանն ու Կալիֆորնիան համագործակցության մասին հատուկ համաձայնագիր կնքեն:
Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է՝ Հայաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում հանդես գալ որպես գործընկեր եւ ոչ միայն օժանդակություն ստացող կողմ:
Այս նյութը դիտել են - 11272 անգամ