Իմ աշակերտի կողմից նամա՞կ է սա, թե՞ մենախոսություն...2017-08-20 03:13:00
Նամա՞կ է սա, թե՞ մենախոսություն, որտեղ երբեմն ուսուցչուհուս կերպարն է ընդգծվում իմ աշակերտի՝ ինձ հղած տողերում: Անհանգիստ սրտի մի տրոփյուն ինձ այցի է գալիս, իմ մտապատկերում նա է՝ երկրորդ նստարանին նստած, 8-րդ դասարան փոխադրված Նարեկ Բաղրյանը, ով այնքան պարզ է ու անկեղծ իր անցած օրերի հետ:
«Չեմ կարողանում զսպել իմ ուրախությունն ու այն բոլոր դրական հույզերը, որ համակել են ինձ: Ես էլ արժանվույն տեղ ունեմ իմ ուսուցչուհու հրատարակվելիք գրքում, որտեղ իրենց համեստ տեղն են զբաղեցնում նաև իմ շարադրանքները: Լինելով ացախցի՝ փորձում եմ իմ տողերով, վաղը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելով, կանգուն և անառիկ պահել մեր փոքրիկ դրախտ երկիրը:
Այն հայրենասիրական քայլերը, որ առկա են մեզանում, Ձեր շնորհիվ է, տիկի՛ն Պողոսյան: Դուք խոր ազդեցություն ունեցաք մեզ վրա՝ Ձեր վերաբերմունքով, հաճելի զրույցներով, դաստիարակությամբ, անգամ խոր լռությամբ կամ մի խորաթափանց հայացքով՝ ամեն րոպե մեզ սերմանելով հայրենապաշտություն: Երբ հարցրիք, թե ի՞նչ կանեիք հայապահպանության գործում, որ մեր այս փոքրիկ երկիրը չկործանվի, խոստացա, որ չեմ լքի իմ հայրենիքը, որ ուր էլ գնամ սովորելու, անպայման կվերադառնամ և ամեն մի քանդված քարի վրա մի նոր քար կդնեմ, կկառուցեմ իմ երկիրը:
Թեկուզ հուզմունքով, սակայն ներքուստ մեծ հպարտությամբ շուտով Ձեր գրքերի շնորհանդեսի ժամանակ կկանգնեմ բեմահարթակում, երախտագիտության խոսք կհայտնեմ Ձեզ, որ նպաստեցիք մեր աշխարհայացքի ճիշտ ձևավորմանը և հայեցի դաստիարակությանը, սովորեցրիք ապրել բոլորի հոգսերով՝ անմասն չմնալով ազգի տառապանքներից:
Իմ կողմից արտահայտած ամեն մի միտք մի նոր կանչ է աշխարհին՝ ի լուր հայությանը, որ Արցախում ապրող և արարող հայի գլխավերևում թեկուզ ամեն րոպե կարող է սև ամպրոպ ճայթել, սակայն քաջ է ու աներեր, չի ընկրկում դժվարությունների առաջ, միշտ գլուխը բարձր է պահում, հպարտ՝ ինչպես հայրենի լեռները: Այո՛, հայրենասիրությունը բույն է դրել մեզանից յուրաքանչյուրի սրտում, մեր հոգուց են բխում այն տողերը, որ մեր Արցախը չի ընկրկի, միշտ կանգուն կմնա նրա լեզուն, արվեստը և ազատ ոգին: Նաև ուրախ եմ, որ սփյուռքում ապրող իմ հասակակիցները հնարավորություն կունենան կարդալ ու տեղեկանալ Արցախի՝ իրենց հասակակիցների կյանքում տեղի ունեցող փոթորկահույզ ու ալեբախ իրադարձությունների մասին, նրանք էլ կոգևորվեն արցախցու աննկուն, չընկճվող ոգուց»:
Նարեկի տողերը հպարտությամբ են համակում հոգիս, բայց հիշողությանս մեջ ամիսներ առաջ նրա արտահայտած խոսքերն էին. «Եթե կախարդական վրձին ունենայի, կնկարեի մի աշխարհ, որտեղ պատերազմ չէր լինի, ո՛չ զենք, ո՛չ կրակոցներ, ո՛չ սարսափ կլիներ այդ աշխարհում, ոչ էլ՝ արտագաղթ: Երեխաներն այստեղ կապրեին անհոգ ու երջանիկ մանկությամբ: Որբանոցներում երեխաներ չէին լինի, ոչ մի ծնող իր զավակին չէր կորցնի: Իմ նկարած աշխարհում կվերացնեի այդ վրձնով այն երեք հնչյունից բաղկացած ահասարսուռ «մահ» բառը, սերը կթևածի այդ աշխարհում, մարդիկ բարի կլինեն, իրար հանդուրժող, պատկերացում չեն ունենա թշնամիների մասին, նրանք երբևէ չեն նախանձի միմյանց: Այդ աշխարհում, որպես խաղաղության խորհրդանիշ, կհամարվեն ոչ թե աղավնիները, այլ՝ մարդիկ՝ բարությամբ լցված»:
Ինչպիսի~ գեղեցիկ երևակայություն, որ բոլորիս երազանք-ցանկությունն է դարձել...Երանի~ թե աշխարհում խաղաղություն լինի, մարդիկ էլ միմյանց հանդեպ հանդուրժող լինեն, բարի...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 19381 անգամ