Օգոստոսի 22-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Զամոշչ քաղաք, որի ընթացքում հանդիպում է ունեցել Զամոշչի քաղաքապետ Անջեյ Վնուկի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության հատվածի խորացման հեռանկարներին և նախանշվել են այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է Զամոշչ և Դիլիջան քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ սկսված գործընթացի և համապատասխան փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:
Քննարկումներին երկուստեք ընդգծվել է Լեհաստանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը՝ որպես տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը նպաստող կամուրջի: Դեսպան Ղազարյանը և քաղաքապետ Վնուկը պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնության 650-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Զամոշչ քաղաքում «Հայկական օր» խորագրով միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ, որի ընթացքում կներկայացվի Լեհաստանի այդ պատմական քաղաքում հայերի պատմությունը և նրանց դերակատարությունը: