Երբևէ չէի կարող երևակայել, որ կհայտվեմ այդ գրքում
2017-08-23 22:19:00
Աննա Միրզոյանի սպիտակի վրա գրված տողերն եմ ընթերցում, ինձ համար էլ անսովոր է այս համեստ աղջնակի անկեղծությունը, ով, դպրոցում իր լռության մեջ էր պարփակված: 
Օրեր հետո ես կմտնեմ 8-րդ դասարան, այդ ժպիտով նա ինձ կողջունի, նոր ժպիտներ կհավաքեմ այդ օրը ու կհիշեմ նորից նրա սրտից բխած տողերը: «Երբեք չէի կարող երևակայել, որ ես, միշտ առանձնացած լինելով իմ խոհերով, մի օր կարող էի երևալ իմ ուսուցչուհու հրատարակած գրքում:
Ինքս միշտ ակնածում էի, երբ կարդում էի գրքեր, միշտ հիացմունք ապրում այդ հերոսների հանդեպ, քանի որ մտածում էի, որ եթե նրանք առանձնահատուկ հատկություններ չունենային, եթե իրենց էությամբ արտասովոր չլինեին, երբեք չէին կարող հայտնվել գրքում: Իսկ այժմ ինքս եմ նրանցից մեկը, ես իրական եմ, բայց երբեք չէի կարող վայելել այդ բերկրանքը, եթե ուսուցչուհիս իր նրբանկատությամբ և ստեղծագործական մեծ ձիրքով չգրեր մեր մասին:
Ինքս ինձ, իհարկե, լավ եմ ճանաչում, բայց երբ ուսուցչուհիս գրեց իմ մասին, ինձ ավելի լավ ճանաչեցի, կարծես իմ դիմանկարը ոչ թե հայելին, այլ տիկին Պողոսյանն էր իր տողերով արտացոլել: Երբեմն մեր մեջ կարող է անձկություն առաջանալ, և մեզ կարող են պաշարել անսովոր զգացումներ, բայց կարողանում ենք հաղթահարել դրանք, որովհետև մեզ ուժ է տալիս մեր ուսուցչուհու մեծ ուշադրությունը մեր նկատմամբ, նրա անմնացորդ նվիրվածությունը մեզ փոխանցում է դրական էներգիա, ոգեշնչվում ենք և ավելի արժևորում այն ամենը, ինչ շրջապատում է մեզ: Երբեմն մեր փայփայած երազներն այնքան շուտ կարող են այցի գալ մեզ, որ ինքներս կարող ենք չհավատալ, որ մեր նվիրական երազները կատարվել են:
Թվում է՝ հեքիաթներ չեն կարող լինել կյանքում, միայն պարզամիտ մարդիկ կարող են հավատալ հեքիաթին, բայց ես նույնպես հավատում եմ: Եթե անգամ չեմ արտահայտվել բացահայտ, բայց հոգուս խորքում անչափ ուրախ եմ, որ ես էլ իմ ուսուցչուհու գրքում կամ: Ու նորից համոզվում եմ, որ մենք ինքներս երբևէ չէինք կարող գիտակցել, թե մեր խառնվածքով ինչքան ենք տարբերվում մեկը մյուսից, թե ինչքան ինքնատիպ ենք մեր տեսակով, մեր թերություններով և առանձնահատկություններով հանդերձ, բայց երբ կա մեկը, ով կարողանում է իր խորաթափանց հայացքով մտնել մեր հոգու խորքը, բացահայտել մեր ներաշխարհը, ինքներս մեզ ավելի երջանիկ ենք զգում»:
Ուրեմն ի՞նչ...Եթե իմ աշակերտների հոգու խորքը թափանցելով՝ գտել եմ նրանց երջանկացնելու բանալին, ուրեմն իմ գործունեությունը շարունակական կլինի, որը կդառնա նրանց երջանկացնելու նվիրում, ազնվագույն մի ճանապարհ, որտեղ կերպարներ են կերտվում՝ մեկը մյուսից յուրովի տարբեր, յուրովի գեղեցիկ:
 Նատաշա Պողոսյան
 
Այս նյութը դիտել են - 18043 անգամ